ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔ (ՆՈՐԱԳԱՎԹԻ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑ)


1865 թ․


Պետցուցիչ՝ 1.11.9.4

 

Գտնվում է Նորագավթի 7-րդ փողոցում` Սբ. Գևորգ եկեղեցի տանող ճանապարհին:

1864 թապրիլի 8-ին գյուղի հասարակությունը դիմել է Էջմիածնի Սի­նոդին՝ ծխական դպրոց բացելու խնդրանքով։ Դպրոցը բացվել է մեկ տարի անց՝ 1865 թփետրվա­րին։ 1873 թ. ունեցել է մեկ ուսուցիչ և 30 աշակերտ։ 1881 թ. ունեցել է մեկ ուսուցիչ և 25 աշակերտ: 1885 թ. փակված հայկական դպրոցների ցուցակում չի հիշատակվում, հավանաբար, փակվել է ավելի վաղ։ 1905 թ. վերջերին վերաբացվել է որպես միդասյա արական դպրոց։ 1907-1908 ուսումնական տարում ունեցել է երկու ուսուցիչ և հիսուն աշակերտ (որից 20-ը՝ աղջիկ)։ 1913-1914 ուսումնական տարում եղել է եռամյա խառը դպրոց, ուր սովորել են 32 տղա և 28 աղջիկ։ 1914 թ. փետրվարին ունեցել է 49 աշակերտ, իսկ 1917 թ.՝ 60 աշակերտ, որից 20-ը՝ աղջիկ։

Փակված հայկական դպրոցի փոխարեն 1901-1905 թթ. Նորագավթում գործել է պետական ռուսական դպրոց։


Ծխական դպրոցի շենքը հյուսիս-հարավ ուղղվածությամբ, ուղղանկյուն հատակագծով, սենյակների միաշար դասավորությամբ, երկար, միահարկ շի­նություն է։ Գլխավոր ճակատի պատուհանները կամարակապ են։ Բակի ճակատը հարդարված է շենքի ողջ երկայնքով ձգվող բաց պատշգամբով։ Պատշգամբը փայտից է, տանիքը՝ երկթեք, ծածկը՝ թիթեղապատ։ Կառուցված է դեղնավուն սրբատաշ տուֆից, մի­դիս շարվածքով: Չափերն են՝ 44 x 12 մ։

Ուշ շրջանում տարբեր ընտանիքների կողմից դպրոցի սենյակներն օգտագործվել են որպես բնակարաններ: Կատարվել են բազմաթիվ վերակառուցումներ, որոնց հետևանքով շինության նախնական տեսքը խաթարվել է։ Բակային ճակատն ամբողջովին փակվել է կցակառույցներով, վերափոխվել են պատուհանները։

 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Նորագավիթ