ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՄԱՄՌԻ ՋՐԱՆՑՔ


Մ.թ.ա. VII դ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.157
Հիմնադիր՝ Վանի թագավոր Ռուսա Բ

Սկիզբ է առնում Հրազդան գետի ձախ ափից՝ Քանաքեռ ՀԷԿ-ից 1 կմ գետի հոսանքով ներքև, այն նույն ջրհավաքից, որտեղից սկիզբ է առնում Դալմայի ջրանցքը։ Անցնում է նաև Արաբկիր վարչական շրջանով։ Ոռոգում է Հրազդանի կիրճի այգիները, ապա՝ անցնելով կիրճի լանջերով և կարճ թունելով, հասնում է Կոնդ թաղամաս, որտեղից մի ճյուղ, մտնելով 200 մ երկարությամբ թունել, հատում է Գետառը և թափվում Վարդավառի լիճ։

Ենթադրվում է, որ այն հիմնադրել է Վանի Ռուսա Բ թագավորը, քանի որ Երևանի մյուս ջրանցքների նման կառուցված է բիայնական ջրաշինության սկզբունքներով։

Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Մխիթար Այրիվանեցու (XIII դ.) «Պատմություն ժամանակագրական» աշխատության մեջ՝ որպես «Երևանի առու», այնուհետև՝ XVIII դ., Սիմեոն կաթողիկոս Երևանցու «Ջամբռ» աշխատության մեջ։

Ջրանցքը «Մամուռ» անունով (արաբերեն՝ «վերակառուցված») հայտնի է XVII դ. առաջին քառորդից, երբ նորոգվել է պարսից Ամիրգունա խանի օրոք։ Նորոգվել է նաև 1679 թ. ավերիչ երկրաշարժից հետո և 1822–1824 թթ., Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք։ Այդ ժամանակ ջրանցքը ոռոգել է ամբողջ Կոնդը, Ձորագյուղի և Շահարի թաղամասերի այգիները, ինչպես նաև քարե ջրուղով ջուր է մատակարարել Երևանի բերդին։

1840-ական թվականներին ջրանցքի գլխավոր հունին կցվել է «Դալմա» անունը կրող ջրանցքը, որը ոռոգել է ներկայիս Արամի և Պուշկինի փողոցների տարածքում գտնվող այգիները։ 1860-ական թվականներին Դալմայի շարունակությունից ձգված ջրանցքը ոռոգել է քաղաքի կենտրոնական թաղամասերը, ներկայիս Աբովյան փողոցի այգիները, և թափվել Գետառ գետը։

Խորհրդային իշխանության առաջին տարիներին՝ 1922–1923 թթ., իրականացվել են Մամռի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներ։ Ներկայիս Թումանյան փողոցի վերջնամասում այն երկարացվել է մինչև Աբու Հայաթի ջրանցքը, ապա հոսել և թափվել Վարդավառի լիճ։ 1923 թ. ջրանցքին տրվել է Ստ. Շահումյանի անունը։ Այն պետք է ջուր մատակարարեր Հրազդանի ձորում կառուցվող խորհրդային Երևանի առաջին ՀԷԿ-ի չորս տուրբիններին։ Այդ նպատակով որոշ հատվածներում ջրանցքը խորացվել է, կառուցվել են ջրարգելակներ։ 1963 թ.՝ ԵրՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքի շահագործման դադարեցումից հետո, Մամռի ջրանցքը վերածվել է քաղաքի կենտրոնական մասի անձրևային կոլեկտորի։

Երկարությունը մոտ 15 կմ է, թողունակությունը՝ 0,6 մ³/վրկ։


Կոնդ թաղամաս, Հրազդանի ձախ ափին