ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Մատենադարանը բացառիկ և արժեքավոր ձեռագրերի եզակի պահոց է, հայ ժողովրդի մտավոր ժառանգության գանձարան, թանգարան ու գիտահետազոտական ինստիտուտ:
1957
Մատենադարանը բացառիկ և արժեքավոր ձեռագրերի
եզակի պահոց է, հայ ժողովրդի մտավոր ժառանգության գանձարան, թանգարան ու գիտահետազոտական
ինստիտուտ, որն ունի համամարդկային արժեք։ 1997 թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության
ցանկում և համարվում է հայոց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր
վայրերից մեկը: Այժմ այստեղ պահվող շուրջ 23 000 ձեռագրերը (հայերեն, հունարեն, արաբերեն,
պարսկերեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլն) և շուրջ 300 000 արխիվային
փաստաթղթերը ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր
բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք,
բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, թարգմանական ու ազգային
գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն: Միջնադարում կատարված հայերեն
թարգմանութունների շնորհիվ կորստից փրկվել են մայր լեզուներով չպահպանված բազմաթիվ
բնագրեր:
Մատենադարանը (նշանակում է ձեռագրերի պահոց՝
մատյանների դարան, հավաքածու), որպես ՀԽՍՀ-ում առաջին
գիտահետազոտական հաստատություն, ստեղծվել է 1921 թ.՝ Էջմիածնի ձեռագրատան հիման վրա:
Սկզբնական շրջանում կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ: 1939 թ.-ին Էջմիածնից տեղափոխվել է Երևան և գործել Հանրային գրադարանի շենքում։ Գլխավոր մասնաշենքի
նախագծումը սկսվել է Մեծ հայրենականի տարիներին, կառուցվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր
գործիչ, վաստակավոր ճարտարապետ, 1937-1951 թթ․ Երևանի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի (1900-1978) նախագծով։ Շինարարությունն
ավարտվել է 1957 թ.:
Մատենադարանը նոր մասնաշենք է տեղափոխվել
1959 թ. և ՀԽՍՀ կառավարության որոշմամբ վերածվել է Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի։
1962 թ-ից կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը։
1978 թ. հյուսիսային բլրալանջի մեջ կառուցվել են
գրապահոցներ:
Գլխավոր մասնաշենքը քառահարկ, նկուղային հարկաբաժնով
մոնումենտալ շինություն է՝ կառուցված մոխրագույն բազալտից, «միդիս» շարվածքով: Բարձրությունը
մինչև քիվը՝ 22,4 մ է: Ճակատները լուծված են խիստ և լակոնիկ ոճով: Ինտերիերը ձևավորված
է հայ միջնադարյան կառույցների (գավիթ, գրապահոց) կոնստրուկտիվ և ոճական սկզբունքներով:
Սյուներով և կամարաշարերով բաժանված է թաղածածկ տարածքների:
Գլխավոր մասնաշենքի նախասրահում «Ավարայրի ճակատամարտ»
խճանկարն է (նկարիչ՝ Վան Խաչատուր, 1960), դեպի երկրորդ հարկ բարձրացող գլխավոր սանդուղքներից տեսանելի
է «Հայոց մշակույթի պատմություն» եռամաս որմնանկարը (նկարիչ՝ Վան Խաչատուր, 1959): 1961 թ. 40 խեցեգործական աշխատանքներով ինտերիերը ձևավորել է հայ խեցեգործ, գեղանկարիչ,
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը, 1977 թ. տեղադրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները։ Շենքի գլխավոր ճակատի մոտ առանձին պատվանդաններին տեղադրված
են միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործիչներ Անանիա Շիրակացու (քանդակագործ՝ Գրիգոր Բադալյան,
1963), Մովսես Խորենացու (քանդակագործ՝ Երեմ Վարդանյան, 1964), Մխիթար Գոշի (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան, 1967), Թորոս
Ռոսլինի (քանդակագործ՝
Արշամ Շահինյան, 1967), Ֆրիկի (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան, 1967) և Գրիգոր Տաթևացու (քանդակագործ՝ Արշամ Գրիգորյան,
1967) արձանները: Շենքի
գլխավոր առանցքով, հենապատի մոտ տեղադրված է Հայոց այբուբենի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի
ու նրա նշանավոր աշակերտ Կորյունի արձանախումբը (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան, 1962): Հենապատի
վրա փորագրված է հայերեն առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ,
իմանալ զբանս հանճարոյ»:
Շինությանը հարող ցածր կամարասրահների բացօթյա
թանգարանում ցուցադրված են Հայաստանի տարբեր վայրերից տեղափոխված բարձրարժեք կոթողներ՝
վիշապաքար (մ.թ.ա. II-I հզմ.), կոթող «Դուռ» (բերված է Կարմիր բլրից, մ.թ.ա․ VII), խաչքարեր (1294, 1545, 1596, 1604), արձանագիր տապանաքար (XVII) և այլն:
Մատենադարանի գործունեության ընդարձակման և
ձեռագրական հավաքածուի համալրման նպատակով 1987-1988 թթ. նախագծվեց նոր մասնաշենք
(ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան): Շինարարությունը սկսվեց 1988 թ., բայց ընդհատվեց Սպիտակի
ավերիչ երկրաշարժից հետո: Նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ
2009 թ. մայիսի 14-ին՝ գլխավոր մասնաշենքի հետնամասում: Կառուցվեց 2009-2011 թթ.։ Այն
իր ծավալատարածական լուծումներով համահունչ է գլխավոր մասնաշենքին, իսկ ծավալով գերազանցում
է 4 անգամ:
Գլխավոր մասնաշենքը վերանորոգվեց և վերածվեց
թանգարանային մասնաշենքի՝ քառապատկելով ցուցադրության մակերեսները:
Մատենադարանի շենքի կառուցումը կարևոր է նաև
քաղաքաշինական տեսակետից. այն իր ծավալով կազմակերպում է Մաշտոցի պողոտայի և ընդհանրապես
քաղաքի այդ հատվածի վերջավորությունը:
Մատենադարանը միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող հաստատություն է, որը դարձել է Երևանի խորհդանիշներից մեկը։