ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԳՐՔԻ ՊԱԼԱՏ, ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
1940, 1960
Պետ․ ցուցիչ՝ 1․6․67
Ճարտարապետներ՝ Միքայել Մազմանյան, Հովհաննես Մարգարյան, 1940
Ճարտարապետներ՝ Միքայել Մազմանյան, 1960
Երևանի
ամենամեծ տպագրական համակառույցներից է՝ կառուցված Կորյուն, Տերյան, Իսահակյան և Գևորգ Քոչար փողոցների հատման
հատվածում:
20-րդ
դ. 30-ական թթ. «Հայպետհրատ» հրատարակչությունը և տպարանը գործում էին Մշակույթի տան
շենքում, ուստի 1934 թ. խնդիր էր դրվել ունենալ մամուլի պալատի համալիր, որտեղ պետք
է կենտրոնացվեին հրատարակչական և պոլիգրաֆիական գործերը և սրանց հետ առնչվող բոլոր հիմնարկները (մեծ դահլիճ, գրադարան, ստեղծագործական
արհեստանոցներ):
Շինարարությունը
սկսվել է 1936 թ.: Տերյան փողոցի երկհարկանի, 100 մ երկարությամբ հատվածը՝ հզոր որմնախարսխի վրա բարձրացող
սյունաշար ճակատով և գլխավոր մուտքով, ավարտվել է 1940 թ.: Մնացած մասերը, այդ թվում նաև՝ պոլիգրաֆիստների ակումբը (Իսահակյան և Քոչարի փողոցների
անկյունային հատվածում), կառուցվել են 1960 թ.:
Կորյունի
փողոցի կողմից սկզբնապես կառուցված է եղել անցում՝ բաց սյունաշարի միջոցով դեպի համակառույցի
ներքին բակ: 1965 թ. այդ սյունաշարը քանդվել է և տեղում կառուցվել 9-հարկանի վարչական շենք: Իսահակյան փողոցի կողմի
ծավալը քառահարկ է, ճարտարապետական ձևերն ավելի պարզ են: Կողային մասերն ընդգծված են
բաց սյունասրահներով: Քոչարի փողոցի ծավալը եռահարկ է:
Պալատի
համալիրում գործել են «Հայպետհրատ», «Սովետական գրող», «Արևիկ», «Նաիրի», «Հայաստան»
հրատարակչությունները, «Հայգիրքը», ՀԽՍՀ մամուլի գործերի, հրատարակչության և գրքի վաճառքի պետական կոմիտեն,
ՀԿԿ Մյասնիկյանի շրջկոմը:
Պոլիգրաֆիստների
ակումբի հատվածում Երևանի դրամատիկական թատրոնն է: Տերյան փողոցի հատվածում ներկայիս «Երևան Պանդոկի» տեղում եղել է պոլիգրաֆկոմբինատը,
որտեղ տպագրվել են «Հայկական սովետական հանրագիտարանի» 13 հատորները
և բազմաթիվ այլ գրքեր: Որպես շինանյութ օգտագործվել են տուֆը և բազալտը:
1928-1935
թթ. «Հայաստան» հրատարակչությունում է աշխատել մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը: Այդ
մասին Տերյան փողոցի կողմից 1965 թ. տեղադրվել է հուշատախտակ (ճարտարապետ՝ Լևոն Էլոյան):
Նույն բովանդակությամբ հուշատախտակ է ամրացվել Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ՝
1997 թ.:
Գրքի
պալատը 1930-ական թթ. սկզբի խորհրդահայ ճարտարապետության բնորոշ կառույցներից է, երբ
ճարտարապետական նոր արժեքները ստեղծվել են ավանդական ազգային ճարտարապետության ձևերի
և թեմաների կիրառմամբ: Գրքերի պալատում կան դասական-ավանդական և 1920-ական թթ. կոնստրուկտիվիստական
լուծումներ: