ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նկարիչների միությունը Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին միավորող հասարակական-ստեղծագործական կազմակերպություն է:
Միությունը ստեղծվել է 1932 թ. նոյեմբերի 10-ին: Միության շենքը կառուցվել է 1959թ. Աբովյան փողոցի՝ «Երևան» հյուրանոցին կից, որը նախատեսված է եղել Հայաստանի նկարիչների միության վարչության և ցուցահանդեսների համար: Շենքի ճարտարապետական նախագծի հեղինակն է Ռ. Իսրայելյանը: Միության հիմնական խնդիրներից են՝ աջակցել Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին՝ ստեղծելու բարձրարժեք ստեղծագործություններ, նպաստել անդամների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայմանը, մասսայականացնել ստեղծված աշխատանքները, բացել ցուցահանդեսներ, հնարավորինս կազմակերպել և ֆինանսավորել նրանց գործունեությունը և այլն։
Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ, տոնվում են հոբելյանական տարեթվերը։ 2018 թվականին 19-րդ համագումարում նկարիչ Սուրեն Սաֆարյանը ստանձնեց Հայաստանի նկարիչների միության նախագահի պաշտոնը։