ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Տղամարդիկ
Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան
Նյութը՝ բրոնզ
Տարեթիվ՝ 2007թ.
Բարձրությունը՝ 1,97 մ
Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին ռուսերեն գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։
«Տղամարդիկ» արձանախումբը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ 2007թ. կանգնեցված այս արձանախումբը ներկայացնում է մեծ ժողովրդականություն վայելող 1972 թ.-ին նկարահանված Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» կինոկատակերգության չորս գլխավոր հերոսներին, որոնց ֆիլմում մարմնավորել են հայ ամենասիրված դերասաններ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան):
Արձանի գաղափարը պատկանում է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդիներին՝ Դավիթին և Տիգրանին, որոնք ցանկանում էին Երևանում հուշարձան տեղադրել՝ նվիրված իրենց հոր 70-ամյակին և ֆիլմի ստեղծման 35-ամյակին։ Նրանք որոշեցին, որ ճիշտ կլինի տեղադրել իրենց հոր ստեղծած ամենահայտնի ֆիլմերից մեկի կերպարներին։ «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին որոշվեց տեղադրել հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը։ Որպես արձանի հեղինակ հրավիրեցին իրենց ընկեր քանդակագործ Դավիթ Մինասյանին։
Բացման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 13-ին։ Բացմանը ներկա էր արձանախմբում պատկերվածներից այդ պահին միակ ողջ դերասանը՝ ծանր հիվանդ Արմեն Այվազյանը, որը դրանից մեկ ամիս անց մահացավ։