ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Աստվածածաին եկեղեցին Հայաստանում ռուսական ուղղափառ գլխավոր եկեղեցական կառույցն է: 1913-1916
Պետ. ցուցիչ՝ 1.12.4
Ճարտարապետ՝ Ֆյոդոր Վերժբիցկի
Ռուսական կայսրության, և մասնավորապես, Արևելյան
Հայաստանի ռուսական եկեղեցիների շարքում որոշակի դեր են խաղացել զորանոցային եկեղեցիները:
Դրանք կառուցվել են այն վայրերում, որտեղ տեղակայված էին ռուսական կայազորները: Կառուցվել են օրինակելի
նախագծով, որը հաստատել է ռուսական շինարարական հանձնաժողովը 1901 թ. (ճարտարապետ՝ Ֆյոդր Վերժբիցկի):
Ռուսական կայսրության մեջ մինչև 1917 թ. այդ նախագծով կառուցվել է 69 եկեղեցի:
Հայաստանի տարածքում Ֆ. Վերժբիցկու տիպային նախագծով կառուցված եկեղեցիներից են Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուս ուղղափառ
եկեղեցին (Церковь Покрова Пресвятой Богородицы, 1913-1916), Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող Սուրբ Արսեն Սերբացու
կամ Տիրոջ Հայտնության եկեղեցին (1907-1910, Կազաչի պոստի եկեղեցի, Церковь Св.
Арсения Сербского, Церковь Богоявления):
Մինչև Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցու կառուցումը,
Քանաքեռ գյուղի ռուսական
զորակայանում գոյություն է ունեցել Կուբանի կազակական բանակի 1-ին Պոլտավյան գնդի զինվորական շարժական (երթային) Սուրբ Ալեքսանդր Նևսկու
եկեղեցին՝ հիմնված 1882 թ.։ 1905-ից զետեղվել է զորակացարաններից
մեկում: Օծվել է 1906 թ. հունվարի 29-ին։
Պոլտավյան գնդի 700 աստիճանավորների և զինվորականների հոգևոր կարիքները բավարարելու
համար 1913-1916 թթ. Ֆ. Վերժբիցկու տիպային նախագծով կառուցվել է ներկայիս Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը մոտ մեկ դար
մնացել է Քանաքեռի ռուսական զորամասի կազմում (Զաքարիա Սարկավագի փողոց, 117-123 հասցեում):
Շինարարության վերահսկողությունն իրականացրել է Վասիլի Միրզոյանը:
Խորհրդային շրջանում օգտագործվել է որպես զինվորական հոսպիտալ, ակումբ, կինոթատրոն,
պահեստ:
Վերաբացվել է 1991 թ.: Վերականգնվել 2000 թ. և առանձնացվել զորանոցային
համալիրից:
Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդարձակ շինություն է, արտաքուստ շեշտված հնգանիստ խորանով
և չորս ավանդատներով: Ճակատներն աչքի են ընկնում
դեկորատիվ ճոխ հարդարանքով, որոնց մեջ ակնառու են ռուսական եկեղեցական ճարտարապետության
բնորոշ տարրերը: Շեշտված են երեք մուտքերը (հյուսիսային, հարավային, արևմտյան), որոնց
ուղղանկյուն բացվածքները պսակված են որմնանկարներով: Ներքին պատերը ծեփապատ են: Հատակը
սալապատված է: Թիթեղապատ տանիքի արևելյան և արևմտյան ծայրերում բարձրանում են զույգ
գմբեթները, որոնք 2010-ական թթ. սկզբին վերանորոգվել են:
Կառուցված է նարնջագույն, սրբատաշ տուֆից, միդիս
շարվածքով։ Չափերն են՝ 35.9 × 15.7 մ:
2004 թ. եկեղեցու բակում, մուտքից աջ, ռուսական
ավանդական ուղղափառ ճարտարապետության ոգով կառուցվել է չորս սյուների վրա բարձրացող
Սուրբ Խաչ («Սուրբ Ռուսաստանի բանակին», ”Воинству Святой Руси”) մատուռը՝ նվիրված
զոհված ռուս զինվորներին: Հովանավորներն են Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը
և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին ղեկավար Եվգենի Գլադունչիկը: Բարեկարգվել-սալիկապատվել
է եկեղեցու շրջակայքը, տարածքը ցանկապատվել է։
Գտնվում է
Զաքարիա Սարկավագի փողոց, 68 հասցեում:
Զաքարիա Քանաքեռցու 68 փ.
+37410 284 212