ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԿԱՐԱԲԱԼԱ - ԾԱՂԿԱՎԱՃԱՌ ԾԵՐՈՒՆԻ


1995


Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Երևանցիների կողմից սիրված Կարաբալան (թարգ.՝ սև երեխա)՝ Ստեփան Հարությունյանը, ծնվել է Քանաքեռում անցյալ դարի սկզբին (հավանաբար 1900-ին), հարուստ ընտանիքում, որը ծաղկանոցներ ուներ այժմյան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի տարածքում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ընտանիքն ունեզրկվել է: Ստեփանն ամուսնացել է Աշխեն անունով մի կնոջ հետ, ունեցել որդի: Հանգամանքների բերումով ձերբակալվել է և հայտնվել Եղիշե Չարենցի հետ նույն բանտախցում: Կինը, չսպասելով Ստեփանի ազատ արձակմանը, վաճառել է տունը, ամուսնացել է երկրորդ անգամ և արգելել է որդուն հնադիպել հոր հետ:

Կարաբալան սիրում էր ծաղիկներ նվիրել Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցով անցնող կանանց և աղջիկներին՝ նրանց փոխանցելով իր հոգում պահած սերն ու բարությունը։ Նա հմայվել էր հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանով, ով այդ փողոցով էր անցնում Սունդուկյանի թատրոն աշխատանքի գնալիս, և ամեն օր կարմիր վարդ էր նվիրում նրան։

Տնից ու ընտանիքից զրկված Կարաբալան օրն անց էր կացնում հարազատ դարձած Կենտրոնական հանրախանութի և հարևան «Կովկաս» ռեստորանի մոտ, ապրում էր խանութի պահեստում: Խանութի ստուգումների պատճառով մի քանի օրով ստիպված թողնելով պահեստը՝ ցրտահարվում է դրսում և մահանում հիվանդանոցում՝ միայնակ ու լքված: Նրա գերեզմանի տեղը մինչ օրս անհայտ է:

Կարաբալային նվիրված բանաստեղծություններ են գրել Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը և Համո Սահյանը: 1995 թ. նրա արձանը տեղադրվել է Աբովյան փողոցի սկզբնամասում: Կարաբալան պատկերված է ծեր տարիքում, ձախ թևից կախված է ծաղիկների զամբյուղը, աջով առաջ է պարզել վարդը: Արձանը բրոնզից է, 2 մ բարձրությամբ:

Արձանն սկզբում կանգնեցվել է Աբովյան փողոցում՝  «Մանկական աշխարհ» (նախկին Կենտրոնական) հանրախանութի մուտքի մոտ: Հետագայում՝ Հյուսիսային պողոտայի շինարարության պատճառով, մի քանի անգամ տեղափոխվել է (Տերյան փողոց, Հյուսիսային պողոտա՝ «Մոսկվիչկա» խանութի մոտ): Այժմ գտնվում է սկզբնական վայրից մի քիչ ներքև՝ նույն հանրախանութի պատի տակ։


Աբովյան փողոց