ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Մայր Հայաստան
Քանդակագործ՝ Ա. Հարությունյան
Ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան
Նյութ՝ Կոփածո պղինձ, պղինձ
Տարեթիվ՝ 1967
Մայր Հայաստանի հուշահամալիրը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Այն կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը` 1950 թ.-ի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում:
Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Պատվանդանի վրա տեղադրված է եղել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1961 թ.-ին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը, իսկ 1967 թ.-ին նույն պատմանդանին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը:
Բացման պաշտոնական արարողություն չի եղել: Քանդակագործին հաջողվել է կապ հաստատել նոր քանդակի և հին պատվանդանի միջև ինչպես կոմպոզիցիայի, այնպես էլ դեկորատիվ դետալների միջոցով։ Ստալինի քանդակի պահպանված բեկորները (աչք և կոշիկ) օգնեցին նրան հավասարակշռություն գտնել հին և նոր հուշարձանի չափերի միջև։
Հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մետր է, քանդակինը` 22 մետր, սրինը` 11 մետր։ Պատվանդանը, ի հակադրություն արտաքին ուղղանկյուն ձևի, ներսից հայկական գմբեթավոր, եռահարկ եկեղեցի է և հիշեցնում է Էջմիածնի Հռիփսիմե Տաճարը։ Հուշահամալիրը կառուցված է տարբեր երանգների սև տուֆով։ Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե կոփածո դուռը մեծ շուք են հաղորդում կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ համայնապատկերը։
Պատվանդանի ներսում` շուրջ 3000 մ² օգտակար տարածությունում, 1970 թվականին ի նշանավորումն Հաղթանակի 25-ամյակի բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին թանգարանը։ 1995 թվականին այն վերանվանվել է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո։