ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄՈՆՈՒՄԵՆՏ
1950-1985
Գտնվում է Ազատության պողոտա, 2 հասցեում, Հաղթանակի զբոսայգու տարածքում:
Նվիրված է Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թթ.) տարած հաղթանակին:
Բացվել է 1950 թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման 30-ամյակի օրը: Համալիրի և ամբողջ զբոսայգու նախագիծը կազմել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Նա է նախագծել նաև այն հսկայածավալ, քանդակազարդ ու բարձր պատվանդանը, որի վրա պետք է տեղադրվեր հաղթանակի հուշարձանը (մոնումենտ): Բայց վերջինիս փոխարեն դրվել է Իոսիֆ Ստալինի բրոնզե արձանը (բարձրությունը՝ 17 մ, քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով): 1962 թ. արձանն ապամոնտաժվել է, իսկ մի քանի տարի անց ներսից եռահարկ սրբատաշ սև տուֆե նույն պատվանդանի վրա կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» քանդակը (կոփածո պղնձ, բարձրությունը՝ 22 մ):
1970 թ. «Մայր Հայաստանի» պատվանդանի մեջ բացվել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թթ.» թանգարանը: 1995 թ. վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարան և անցել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Ներկայացված ցուցանմուշները վերաբերում են Մեծ հայրենականին հայ ժողովրդի մասնակցությանը, Արցախյան ազատամարտին և այլն:
1970 թ. Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել է նաև անհայտ զինվորի գերեզմանը՝ հավերժական կրակով: Զինվորի աճյունը բերվել է Մոզդոկ քաղաքից, որը Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ազատագրել են 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկները, և վերաթաղվել է «Մայր Հայաստան» հուշարձանի դիմաց:
1977 թ. հուշահամալիրում կանգնեցվել է «Ո՛չ պատերազմին» («Թող երբեք պատերազմ չլինի») քանդակը (ճարտարապետ՝ Ֆելիքս Զարգարյան, քանդակագործ՝ Վահան Խաչիկյան):
1983-1985 թթ., Մեծ հաղթանակի 40-ամյակին ընդառաջ, հուշահամալիրը վերանորոգվել է (ճարտարապետներ՝ Աշոտ Ալեքսանյան, Անահիտ Նավասարդյան): Վերակառուցվել և ավելի հանդիսավոր տեսք է ստացել Անհայտ զինվորի գերեզմանը, կառուցվել է Հերոսների ծառուղին (երկարությունը՝ 300 մ, լայնությունը՝ 10 մ):
Ռաֆայել Իսրայելյանի մահից 10 տարի անց՝ 1983 թ., նրա էսքիզներով և որդու՝ Արեգ Իսրայելյանի ավարտած նախագծով Ազատության պողոտայի կողմից կառուցվել է զբոսայգու մուտքի՝ միմյանց չկրկնող հարթաքանդակներով հաղթակամարը:
Հաղթանակի հուշահամալիրը հայ ժողովրդի հարգանքի տուրքն է պատերազմում զոհված հայրենակիցներին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան