ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՐԱՎՍԼԱՎԱՑԻ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1989


Պետ. ցուցիչ՝ 1.5.24

Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան

Հուշարձանը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի աղետալի երկրաշարժից տուժած հայ ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելու ճանապարհին զոհված հարավսլավական ինքնաթիռի անձնակազմի հիշատակին։ 1988 թ. դեկտեմբերի 12-ի գիշերը ինքնաթիռը վայրեջքի վայրից ոչ հեռու՝ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղից հարավ-արևմուտք՝ Քասախի կամրջի մոտ, աղետի ենթարկվեց, զոհվեցին ինքնաթիռի անձնակազմի բոլոր յոթ անդամները։ Երախտապարտ հայ ժողովուրդը 1989 թ. և´ վթարի վայրում,  և´ Երևանում հուշարձաններ կանգնեցրեց ի հիշատակ այդ ողբերգության: Ծաղկունքի հուշարձանը կառուցվեց կործանված ինքնաթիռի մնացորդների օգտագործմամբ (ճարտարապետ՝ Ժիրայր Պետրոսյան): Այստեղ թաղվեցին նաև զոհված օդաչուները:

Երևանի Խաղաղ Դոնի փողոցում կառուցված հուշարձանը տեղադրված է սրբատաշ գորշ բազալտից և կարմիր գրանիտից կառուցված հարթակի վրա: Սրբատաշ պատվանդանին տեղադրված է ծառ հիշեցնող բրոնզաձույլ քանդակը, որի կենտրոնական հատվածից վեր է սավառնում զոհվածների հոգիները խորհրդանշող թևատարած յոթ թռչուն: Հուշապատին արձանագրված են հարավսլավացի օդաչուների անուն ազգանունները և նրանց զոհվելու տարեթիվը՝ 12.12.88 Թ.: Հուշարձանի բարձրությունը 5.80 մ է:


Խաղաղ Դոնի փողոց