ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ - ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՌՈՒՄՏԻԿԻՆՑԻ ԶՈՀԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ


1975


Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Ռումտիկինը (այժմ՝ Թուրքիայի Անգորայի նահանգի Ֆելահիյէ բնակավայրը) Արևմտյան Հայաստանի գյուղերից է: Գտնվում է Փոքրասիական թերակղզու կենտրոնական մասում՝ Կեսարիա քաղաքից 43 կմ հյուսիս՝ Հալիս գետի ափին: Մինչև 20-րդ դարասկիզբը բաղկացած էր երկու հատվածից՝ արևելյան (թրքաբնակ, 200-300 տուն) և արևմտյան (հայաբնակ, 750 տուն՝ շուրջ 3000 հոգի): Շրջակայքը հարուստ էր հուշարձաններով՝ քարայր-կացարաններ, բրոնզեդարյան դամբարաններ, աշտարակ «Դևի տուն» և այլն: Ամենանշանավոր հուշարձանը գյուղի հյուսիսարևմտյան կողմում գտնվող «Լուսաղբյուր» սրբավայրն էր, որի սպիտակ մարմարե ավազանում, ըստ ավանդության, մկրտվել է Գրիգոր Լուսավորիչը: Ավազանը հիշեցնում էր միանավ եկեղեցու հատակագիծ (խորան և աղոթասրահ), իսկ նրա ջուրն ուներ ջերմախտից բուժելու հատկություն:

1915 թ. Մեծ եղեռնի առաջին ամիսներին Ռումտիկինի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց ու դաժանաբար սպանվեց: Քչերը փրկվեցին այդ դժոխքից ու 1918-ին վերադարձան գյուղ, բայց ստիպված եղան վերստին այն լքել 1920 թ.: Մի մասը հանգրվանեց Խորհրդային Հայաստանում, մյուս մասը սփռվեց աշխարհով մեկ:

1975 թ.՝ Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցին, ՀԽՍՀ-ում և արտասահմանում ապրող ռումտիկինցիների նախաձեռնությամբ, ի հիշատակ նահատակված համագյուղացիների, Սովետաշեն (այժմ՝ Նուբարաշեն) տանող խճուղու սկզբնամասի աջակողմյան բարձրադիր հատվածում անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվեց «Լուսաղբյուր» հուշաղբյուրը:

Բազալտե հարթակի վրա վեր է խոյանում ուղղանկյուն կոթողը, որի դիմային ճակատի խորան-որմնախորշում բացված 3 ծորակներից ջուրը հոսում է դիմացի ավազանի մեջ, կարծես հիշեցնելով հին Լուսաղբյուրի հատակաձևը: Վերնամասում փորագրված է ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ:

Ետնամասից սկսվող եզրապատը շարունակվում է աջ կողմում և ավարտվում է քանդակազարդ փոքր կոթողով, որի կողային նիստին արծվաքանդակ է ու հիշատակագրություն. ԱՂԲՅՈՒՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆ 1915 ԹՎԻ ՌՈՒՄՏԻԿԻՆԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:
Հարթակը և որմնախորշը բազալտից են, կոթողն ու պատերը՝ կարմիր տուֆից: Կոթողը ունի 8 մ բարձրություն: 


Նուբարաշենի խճուղի