ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի վաղմիջնա¬դարյան հուշարձաններից է։ 4-7-րդ, 10-14-րդ դարեր
Պետ. ցուցիչ՝ 1.2.11
Գտնվում է Ավան թաղամասում՝ Ն. Սաֆարյան փողոցին
հարող տարածքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց փոքր-ինչ հեռու։ Հուշարձանախմբի կազմում են Սուրբ Աստվածածին
եկեղեցին, գավիթն ու գերեզմանոցը։
Սուրբ Աստվածածին եկեղեցին (փոքր չափերի պատճառով անվանում
են նաև մատուռ) Հայաստանի վաղմիջնադարյան
հուշարձաններից է։ Կիսավեր է: Կառուցվել է 4-7-րդ դարերում, վերակառուցվել՝ 10-14-րդ դարերում։ Միաստիճան գետնախարսխով, թաղածածկ, միանավ սրահ է։ Երկթեք տանիքը և
հատակը սալապատ են։ Շինանյութը կարմրավուն և գորշ սրբատաշ տուֆից է։ Ավերվել է 1679 թ. Արարատյան դաշտավայրի մեծ երկրաշարժից։ Արևմուտքից կից գավիթը
(13-14-րդ դդ.) հիմնավեր է:
1968 թ. մասնակիորեն վերականգնվել են արևելյան և հյուսիսային ճակատները:
Եկեղեցու մոտ տարածվող գերեզմանոցում (5-6-րդ, 13-17-րդ դդ.)
պահպանվել են վաղմիջնադարյան և ուշ շրջանի խաչքարեր ու բեկորներ, տապանաքարեր՝
մի մասն արձանագիր կամ քանդակազարդ (խաչքար Հովսեփի և ծնողների՝ 1323, տապանաքար Մելիքի և Ղարասլանի՝ 1282, պատկերազարդ տապանաքար՝ 14-15-րդ դդ. և այլն)։
Հայկական վաղմիջնադարյան մեմորիալ հուշարձաններից
է եկեղեցու հարավային պատին կից, բազմաստիճան պատվանդանի վրա կանգնեցված, 2,2 մ բարձրությամբ տուֆակերտ, ութանիստ կոթողը (ներկայումս ընկած է)։
Բարեկարգվել է 1968 թ.: