ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի հանրահայտ ստեղծագործությունները:
Պետ. ցուցիչ՝ 1.6.175
1932 թ., տան ճարտարապետ՝
Ալեքսանդր Թամանյան
1967 թ., թանգարանի ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան
Նկարիչ ՝ Գառնիկ Սմբատյան
20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1967 թվականին՝ նկարչի կենդանության օրոք: Կերպարվեստի ֆոնդի հիմքը կազմել են Սարյանի կողմից նվիրաբերված ստեղծագործությունները: Սարյանի տան հատակագծի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանը, թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Մինչև 2013 թ. թանգարանի շենքը բաղկացած է եղել նկարչի երկհարկանի առանձնատնից և կից կառուցված եռահարկ պատկերասրահից: 2013-2016թթ. կառուցվել է 4-րդ հարկը, բաց պատշգամբը վերածվել է գրադարան-արխիվի, թանգարանը համալրվել է թեքահարթակով, վերելակով, ցուցադրության լրացուցիչ տարածքներով և բազմաֆունկցիոնալ դահլիճով:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը: Թանգարանի՝ 300-ից ավելի ստեղծագործությունից բաղկացած մշտական ցուցադրությունում են գտնվում «Արևելյան ծաղիկներ», «Ջրհորի մոտ. շոգ օր», «Ինքնադիմանկար», «Գիշերային բնանկար», «Եգիպտական դիմակներով նատյուրմորտ», «Քայլող կինը» գլուխգործոցները: Այցելուները հնարավորություն ունեն նաև տեսնելու Վարպետի արվեստանոցը և նրա տան հուշային ցուցադրությունը: