ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳՈՒ ՄՈՒՏՔԸ (ՀԱՂԹԱԿԱՄԱՐ)


Պետ. ցուցիչ՝ 1.12.10.5

Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Զբոսայգու տուֆակերտ մուտքը Հաղթանակի հուշահամալիրի վերջին կառույցն է՝ կառուցված Ազատության պողոտայի կողմից՝ նախկինից եղած արևմտյան պարսպապատի մեջ, հաղթակամարի տեսքով:

Մուտքը կառուցվել է Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, նրա մահից 10 տարի անց՝ 1983 թ.: Ռ. Իսրայելյանը կազմել է էսքիզները, իսկ նրա որդին՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանն ամբողջացրել է նախագիծը և ղեկավարել շինարարությունը։

Հաղթակամարի ուղղանկյուն հիմքով մույթերն իրար են միանում քառակամարով և ճակտոնով: Հորինվածքում օգտագործվել են ազգային ճարտարապետության ձևերն ու զարդարվեստի մոտիվները: Սյուների արևելյան (այգու կողմից) և արևմտյան (դիմային, պողոտայի կողմից) ճակատները ջլատված են հովհարաձև ավարտ ունեցող եռանկյունաձև խորշերով: Ճակտոնի դիմային մասում քանդակված են հուշկապարիկներ, նրանց մեջտեղում՝ սուր և արև, ավելի ներքև՝ առյուծ և վիշապ, բուսական զարդագոտիներ: Արևելյան ճակատին խաղողաքանդակներ են, արծվաքանդակներ, մուրճ ու մանգաղ, բուսական զարդամոտիվներով հարդարված զարդագոտիներ: Այս ճակատի վերին աջ կողմում ճարտարապետի անվան և ազգանված սկզբնատառերն են:

Կառուցված է դարչնագույն տուֆից, քարերը շեղանկյուն են: Աչքի է ընկնում սլացիկությամբ ու վեհությամբ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ազատության պողոտա