ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
1950-ական թթ.
Շենքը
գտնվում է Չարենցի փողոցում:
Սկզբում այստեղ տեղակայվել է ՀԽՍՀ ԳԱ Նուրբ
օրգանական քիմիայի ինստիտուտը, իսկ 1973 թ. շենքը տրամադրվել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության
և ազգագրության ինստիտուտին։
Ուղղանկյուն հատակագծով եռահարկ կառույց է՝
բոլոր հարկերում երկայնական առանցքով ձգվող միջանցքի և նրա վերջավորություններին ուղղահայաց
հատվող միջանցքների շուրջ համախմբված սենյակների համակարգով։ Բոլոր ճակատներն ունեն
ճարտարապետական սիմետրիկ լուծումներ։ Արտահայտիչ ձևերով առանձնանում է գլխավոր ճակատը,
որի կենտրոնում, ընդհանուր հարթությունից ներս, երկու հարկի բարձրությամբ տեղադրված
է սյունակամարաշարով ձևավորված նախամուտք-սրահը՝ մուտքի բացվածքով։ Նախամուտքից վերև՝
երրորդ հարկում, գտնվում է գիտաժողովների դահլիճի երկայնքով ձգվող բաց պատշգամբը։
Գլխավոր ճակատի մշակման կոնստրուկտիվ և դեկորատիվ
տարրերից են ռիթմիկ դասավորված պատուհանները, երկրորդ և երրորդ հարկերի քիվագոտիները,
ինչպես նաև երրորդ հարկի եզրային պատուհանների ռիթմն ընդգծող կամարաշարը։ Բակ նայող
արևելյան ճակատը ևս լուծված է ընդհանուր հարթությունից ներս ընկած ձևով՝ կենտրոնում
բացվող ծառայողական դռնով։ Շինանյութը վարդագույն սրբատաշ տուֆն է։
Շենքն իր ծավալատարածական հորինվածքով և բարձրությամբ համահունչ է փողոցի կառուցապատմանը։
Հորինվածքը խարսխված է ազգային մշակույթի ավանդույթների վրա և իրականացված է թամանյանական
դպրոցի ճարտարապետական ձևերի կիրառմամբ։ Այն
1950-ական թվականների Երևանը ներկայացնող շինություններից է։