ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ- ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱԿԱՅԱՆ


XIX դ. երկրորդ կես - XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1.6.76.2


Գտնվում է Հրազդան գետի ձախ ափին՝ նախկին Երևանի բերդի տարածքում։ 1827 թ. հոկտեմբերի 1-ին Երևանի բերդը գրավելուց հետո ռուսական զորքերը այն որոշ ժամանակ օգտագործել են որպես կայազոր։ Բերդը որպես ռազմական ամրություն պաշտոնապես վերացվել է 1864 թ., սակայն կայազորը՝ որպես ռազմավարական հենակետ և ճանապարհային հանգույցի վերահսկիչ կենտրոն, պահպանվել է։

Սկզբնական շրջանում բերդի որոշ կառույցներ շարունակել են օգտագործվել, իսկ 1850–1880-ական թվականներին դրանք աստիճանաբար քանդվել են և փոխարինվել ռուսական կայազորի կարիքներին ծառայող նոր շինություններով՝ բնակարանային, զինվորական, ուսումնական և այլ նպատակներով (XIX դարի երկրորդ կես – XX դարի սկիզբ)։ 2018 թ. ռուսական զորանոցային համալիրի շահագործումը դադարեցվել է։

Զորանոցային համալիրի մուտքը գտնվում է հյուսիսային պահակակետի կողմից։ Համալիրը ներառում է ընդարձակ շարահրապարակ, ջրավազան, լողավազան և պուրակ։ 1990-ական թվականներին այստեղ տեղադրվել են Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված «Մահապարտ արծիվ» և Հատուկ ջոկատների նահատակներին նվիրված հուշակոթողները։

Համալիրը շրջապատված է պարիսպներով և ներառում է շուրջ երկու տասնյակ շենք։ Դրանցից երկուսը երկհարկ են, մնացածը՝ միահարկ։ Շենքերը, տեղակայված լինելով որոշակի հեռավորությամբ և ունենալով ուղղանկյուն հատակագծեր, ծառայել են որպես զորանոցներ, զինամթերքի և սննդամթերքի պահեստներ, շտաբ, ակումբ, հիվանդանոց, ճաշարան և այլ նպատակների։

Բոլոր շինությունները ունեն արտաքին ճակատների միանման ճարտարապետական լուծումներ և կառուցված են գորշ, սև և դարչնագույն սրբատաշ տուֆի համադրությամբ։


Հրազդան գետի ձախ ափին