ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ


1928-1940


Պետ. ցուցիչ՝ 1.6.66
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

Հայաստանի ազգային գրադարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է Տերյան փողոցում։ Նախագծվել է 1928 թ.՝ որպես գիտահետազոտական ինստիտուտի շենք։ Շենքը կառուցվել է Ուսանողական թաղամասում, որտեղ, ըստ Երևանի 1924 թ. գլխավոր հատակագծի, նախատեսվում էր կառուցել մայրաքաղաքի բուհերը։ Շինարարությունը սկսվել է 1930 թ. և շահագործման է հանձնվել 1940 թ. նոյեմբերին։ Նախատեսված է եղել 700 000 միավոր գրքի պահեստավորման համար։ Մինչև 1958 թ. շենքում գործել է նաև Մատենադարանը։

П-աձև հատակագծով ընդարձակ շինություն է։ Գլխավոր եռահարկ ճակատը շեշտված է շենքի ընդհանուր հարթությունից դուրս եկող հոնիական կիսասյուներով մշակված կիսաշրջան ծավալով։ Ամբողջ ճակատը պսակում է դասական քիվը։ Կողային թևերը երկհարկ են։ Ներքուստ օգտագործվել է աստիճանաձև կամարի մոտիվը, որը տեղ է գտել Թամանյանի վաղ շրջանի ստեղծագործության մեջ՝ շենքերի արտաքին ճարտարապետական տարրերում՝ մուտքերը ձևավորելու համար։ Կառուցված է Արթիկի տուֆից՝ միջին (միդիս) շարվածքով։ Նախահարկը կոպտատաշ բազալտից է։

Շենքի ճարտարապետությունը շարունակում է Թամանյանի ռուսական նեոկլասիցիզմի ստեղծագործական շրջանը։ Բնորոշ է նաև Թամանյանի աշխատանքներին հաճախ հանդիպող հորինվածքը՝ ռոտոնդաների կիսակլոր ելուստային ձևերով (գրադարանի գլխավոր մուտք) և այլն։

Թամանյանի նախագծով գրապահոցի ընդլայնման հնարավորություն նախատեսված չի եղել, ուստի 1979 թ. գլխավոր մասնաշենքին կից կառուցվել է երկրորդ մասնաշենքը (ճարտարապետներ՝ Գևորգ Թամանյան, Աելիտա Նավասարդյան), իսկ 1989 թ.՝ 9-հարկանի գրապահոցը (ճարտարապետներ՝ Աելիտա Նավասարդյան, Պետրոս Աբաջանյան)։ Շենքը հիմնանորոգվել է 2008–2011 թթ.։


Տերյան փող. 72