ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԿՈՆԴԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Երևանի ամենահին ու պատմական սրբավայրերից է՝ կառուցված 1706-1710 թթ.:
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում է
պատմական Կոնդ թաղամասի կենտրոնում է՝ Հովհաննես Կոզեռնի 9 հասցեում։ Կառուցվել է 1679 թ. ավերիչ երկրաշարժից կործանված եկեղեցու տեղում:
Եկեղեցու պատվիրատուն Երևանի նշանավոր մեծահարուստ
Մելիք Աղամալն է, որը ակտիվ գործունեություն է ծավալել Երևանի 17-րդ դարավերջի – 18-րդ դարասկզբի սոցիալ-տնտեսական
և քաղաքական կյանքում: Նրա տոհմի անդամների հետ են առնչվում Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս
և Կաթողիկե եկեղեցիների շինարարական նախաձեռնությունները և, հատկապես, Սուրբ Հովհաննես
Մկրտիչ եկեղեցու կառուցումը Կոնդում:
Եկեղեցու հին շենքը երկու զույգ մույթերով, կիսաշրջանաձև խորանի
երկու կողմում ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներով եռանավ բազիլիկ, առանց գմբեթի, ընդարձակ (24,2 x 16,8 մ) կառույց էր: Երկթեք տանիքի վրա բարձրանում էր զանգակատան
սյունազարդ, փոքր ռոտոնդան:
1863 թ․ եկեղեցու տարածքը պարսպապատվել է, 15 մ հեռու կառուցվել է դարպաս, որը 5.7 մ բարձրությամբ
զույգ մույթերի վրա հենված կամարակապ կառույց է՝ քիվով, փոքր ճակտոնով ու սերովբեի
պատկերաքանդակով:
1973 թ. հայ ազգային ճարտարապետության հիմնադիրներից
Ռաֆայել Իսրայելյանը կազմել է եկեղեցու հիմնական վերակառուցման նախագիծը, որը սակայն,
չի իրագործվել ճարտարապետի մահվան պատճառով: Աշխատանքները վերսկսվել են 1980-ական թթ.
և եկեղեցին վերակառուցվել է (ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան, ինժեներ-նախագծող՝
Ավետիք Թեքնեջյան, շինարար՝ Միքայել Հովհաննիսյան): Որոշ ընդհատումներով շինաշխատանքները
շարունակվել են մինչ 2010-ական թթ.: 1997 թ․ արևմտյան ճակատին կցակառուցել
է եռահարկ զանգակատուն: Հանվել է ռոտոնդան, ավելացվել է գնբեթը, տարածքը բարեկարգվել
է: Դարպասը քանդվել է վերաշարելու նպատակով. Առ այսօր մնում է չվերականգնված:
Եկեղեցին կառուցված է կարմրավուն սրբատաշ տուֆից՝
բազալտե ոչ բարձր հիմնախարսխի վրա։ Եկեղեցու դեկորատիվ հարդարանքի տարրերից են մուտքերի ճակատակալ քարերի,
լուսամուտների եզրակալների տարատեսակ քանդակները։ Շինարարական արձանագրությունը փորագրված
է արևելյան ճակատի վերնամասում՝ խաչ պատկերող չորս քարերի վրա: Ճակատներին ագուցված են
բազմաթիվ խաչքարեր, որոնց գերակշիռ մասը նվիրված է Մելիք Աղամալի ընտանիքի անդամներին.
հորը՝ Մելիք Ծատուրին, եղբորը՝ Մելիք Աղավելին, քրոջը՝ Խանումին, որդուն՝ Մելիք Նազին,
դուստրերին՝ Սատաթին, Խանբեկուն և այլոց։ Եկեղեցու հարավային ճակատին՝ քիվի տակ, Աղեքսանդր Ա Ջուղայեցի կաթողիկոսին
(1706-1714) նվիրված խաչքարն է, որի օրոք կառուցվել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին: