ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

«ԵՌԱԲԼՈՒՐ» ՓԱՌՔԻ ՊԱՆԹԵՈՆ


1990


Պետ. ցուցիչ՝ 1.7.1

Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

«Եռաբլուր» փառքի պանթեոնը գտնվում է քաղաքի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհից աջ՝ Եռաբլուր բլրաշարքի ամենամեծ բլրի (բարձրությունը՝ 951 մ) գագաթի հարթության վրա։ Հիմնադրվել է 1990 թ.՝ Արցախյան ազատամարտում ընկած զինվորների շիրիմներն ամփոփելու նպատակով: Գերեզմանոցի կարգավիճակը հաստատվել է 1992 թ. մայիսի 26-ի Հայաստանի կառավարության կարգադրությամբ։ Հատակագծային և ճարտարապետական լուծումների հեղինակը Ասլան Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետական խումբն է։ Զբաղեցնում է 19,22 հա տարածք։

Սեբաստիա փողոցից պանթեոն տանող մուտքի հատվածը կառուցված է հաղթակամարի տեսքով: Տարածքի արևմտյան կողմում հրամանատարական անձնակազմի շարքն է, կենտրոնական հատվածում կամավորական ջոկատների զոհվածների, արևելյան մասում՝ զինվորական ծառայության մարտիկների գերեզմաններն են: Պանթեոնում թաղված են Արցախյան ազատամարտում, 1994 թ. զինադադարից հետո զոհված ազատամարտիկներ, 2016 թքառօրյա, 2020 թ. 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմներում, հետագա մարտերում զոհված զինծառայողներ, ինչպես նաև՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկներ։ Պանթեոնում են ամփոփված նաև զորավար Անդրանիկի (տեղափոխված Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանոցից, փետրվար, 2000), հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ Աղբյուր Սերոբի կնոջ և զինակցի՝ Սոսե մայրիկի (Սոսե Վարդանյան, տեղափոխված Եգիպտոսից, 1998), ՀՀ ազգային հերոսներ Վազգեն Սարգսյանի, Ջիվան Աբրահամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վահագն Ասատրյանի աճյունները։

Եռաբլուրում են գտնվում Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը, մուտքի ձախակողմում՝ Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կառուցված Սրբոց Վարդանանց (Նահատակաց) եկեղեցին (1998, հովանավորներ՝ ամերիկաբնակ Հև ՎՈսկանյանները):


Մալաթիա վարչական շրջան