ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ


Սուրբ Սարգիս եկեղեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հոգևոր թեմի առաջնորդանիստ եկեղեցին է:


1835-1842, վերակառուցված՝ 1971-1976

Պետ․ ցուցիչ՝ 1675
Վերակառուցման նախագծի հեղինակ, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Երևանի Ձորագյուղ թաղամա­սում՝ Իսրայելյան 19 հասցեում՝ Հրազդան գետի ձախափնյա ձորեզրին:

Հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։ Եղել է Ձորագյուղի անապատի, ապա՝ Երևանի թե­մա­կան առաջնորդարանի եկեղեցի։ Ավերվել է Արարատյան դաշտավայրի 1679 թ. ավերիչ երկրաշարժից և վերակառուցվել է Ամենայն Հա­յոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացու գահակալության տարիներին (1691-1705): 19-րդ դարում Արարատյան թեմի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը Հովհաննես Ը Կարբեցի Ամենայն Հայոց կաթողիկոսի (1831-1842) հրամա­նով քանդել է խարխուլ վիճակում հայտնված եկեղեցին և 1835-1842 թթ նույն տեղում կառուցել քառամույթ գմբեթավոր բազիլիկ հո­րինվածքով եկեղեցի։ Խորհրդային տարիներին՝ 1971-1976 թթ.,  Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ Սուրբ Սարգիս եկեղեցին վերակառուցվել է` պահպանելով հատակագծային նախկին հորինվածքը (նախագծի հեղինակ՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր ճար­տա­րապետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): Արտաքին ճակատները ե­րես­պատվել են նարնջագույն, սրբատաշ տուֆով: Ներսում` արևմտյան կողմում, երգչախմբի հա­մար հավելվել է վերնասրահ, գմբեթը փոխարինվել է նոր, առավել բարձր ու վեհաշուք գմբեթով: Շքեղորեն հարդարվել է գլխավոր` արևմտյան ճակատը, որի շքամուտքի ճակատակալ քարին` Սուրբ Աստվա­ծածնի, պատին` Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի հարթաքանդակներն են (քանդակագործ` ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյան):  Գմբեթատակ առագաստներին քանդակվել են չորս ավետարանիչների խորհրդանշանները։

Սբ Սարգիս եկեղեցու տարածքում են գտնվում Արարատյան թեմի առաջնորդարանի շենքը (1980-1981, վերակառուցման նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Համլետ Խա­չատրյան), ազգային ավանդույթներով կառուցված աղբյուրը (1996, ճարտարապետ՝ Բաղդա­սար Արզումանյան), 16-17-րդ դարերի խաչքարեր և քանդակազարդ տապանաքարեր (մի մասն՝ արձանագիր): 2000 թ. ավարտվել է եկեղեցուն կից քառասյուն ռոտոնդայով պսակված վերսլաց զանգա­կատան կառուցումը (ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան)։


Իսրայելյան փող. 21
+37410 585 713