ԵԶԱԿԻ ՎԱՅՐԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ (ԿՈՆԴ)
Նեղ, անհարթ, զառիվեր ու ճառագայթաձև փողոցներով Կոնդը Երևանի կենտրոնում գտնվող քաղաքի ամենահին թաղերից է:
Կոնդը
Երևանի պատմական հին թաղամաս է քաղաքի արևելյան բարձրադիր մասում՝ Կենտրոն վարչական
շրջանում։ Անվանումը ստացել է իր բարձր դիրքի պատճառով. «կոնդ» նշանակում է երկարաձիգ
կամ բոլորակ բլուր։
Պարսից
տիրապետության ժամանակ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը Կոնդ բառի թարգմանությունն
է։ Պարսկական շրջանից Կոնդում պահպանվել է 17-րդ դարի վերջին մզկիթը, որն իր կից դպրոցով
դադարել է գործել 1828 թ.: 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո կիսավեր
մզկիթում են ապաստանել գաղթական ընտանիքներ:
Կոնդում
է
գտնվում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն իր ծխական դպրոցով բոլոր ժամանակներում
Կոնդի կարևորագույն կենտրոնն էր:
Կոնդն
ինքնին պատմամշակութային արժեք է: Թաղի առաջամասում ազնվականների երկհարկանի տներն
էին: Այստեղով էին անցնում նաև պատմական երկու ջրանցքները՝ Մամռի և Աբուհայաթի: Թաղամասը հայտնի
էր նաև պտղատու այգիներով, հատկապես՝ խաղողի: Բակերն ու փողոցները միահյուսած խաղողի
վազերն այսօր էլ հիշեցնում են երբեմնի Կոնդը:
Կոնդի
տարածքը շուրջ 16 հա է: Չնայած բարձր դիրքին՝ թաղը դեռ 18-րդ դարում ունեցել է թե՛
ոռոգման, թե՛ խմելու ջուր: Սառնորակ աղբյուրները պահպանվել են մինչ օրս:
Հին
քաղաքային միջավայրի անբացատրելի ձգողականությամբ Կոնդը այստեղ է բերում երևանցիներին
և զբոսաշրջիկներին. ամեն տուն անցյալի ու ներկայի պայքար է խորհրդանշում:
Կոնդը
միանշանակ դուր կգա նրանց, ովքեր ցանկանում են զգալ փոքր, բայց հին «քաղաք»-ի շունչը
ժամանակակից մայրաքաղաքում: Ճանապարհները ձեզ կտանեն լաբիրինթոս հիշեցնող
նեղլիկ փողոցներով, ուր տներն անհամաչափ աղյուսներից են՝ հնաոճ, գունավոր, փայտե դռներով:
Այստեղ հիմնականում լանջից սանդուղքաձև իջնող, միահարկ, հաճախ միաձուլված հողաշեն տներ
են՝ ընդհանուր բակերով: Պատրաստվեք տեսնել մի յուրահատուկ հին քաղաք, որը տարբերվելու
է երբևէ ձեր այցելածներից: