ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
«Փոքրիկ Էյնշտեյն»-ը գիտության ինտերակտիվ թանգարան է Երևանում, որտեղ ներկայացված են էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող շուրջ 25 ցուցանմուշ։ Ցուցանմուշները բերվել են Ռուսաստանից և Չինաստանից։
Թանգարանը բացվել է 2016 թվականին։ Նախքան բացվելը համահիմնադիրների խումբը կազմակերպել է ինտերակտիվ շոու ծրագրեր, հիմնել է գիտական կենտրոններ, որտեղ երեխաները խաղերի և գիտափորձերի միջոցով կարողացել են ծանոթանալ տարատեսակ գիտական փաստերին, թողարկել են հայալեզու գիտական հավաքածուներ։
Թանգարանը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար: Այստեղ ներկայացված բոլոր նմուշներն ունեն պրակտիկ կիրառություն թե՛ առօրյա կյանքում, և թե՛ գիտության մեջ: Այցելուները կարող են ձեռք տալ ցուցանմուշներին որպեսզի ծանոթանան տարատեսակ ֆիզիկական երևույթներին:
«Արքիմեդի լծակի» միջոցով թանգարանում կարելի է բարձրացնել 32 կիլոգրամանոց գունդը: