ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ «ՆԻՄԵՍԻՍ»


2023 թ.


Ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան

«Նեմեսիս» հուշարձանը գտնվում է Ալեք Մանուկյան փողոցում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում:

Նվիրված է 1915 թ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թ. Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակին: Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել են Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները, որոնցից մեկը լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանն է՝ Արամ Երկանյանի ժառանգներից: Հուշարձանը պաշտոնապես բացվել է 2023 թ. ապրիլի 25-ին։ Բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչները, բազում քաղաքացիներ:

Հուշարձանը դեպի վեր աստիճանաձև նեղացող եզրագծով և «քարերի սիմֆոնիա» հիշեցնող սրբատաշ գրանիտից պատրաստված կոթող է՝ երկարավուն և կանոնավոր քարերի միակցումով, որոնց վրա գրված են վրիժառուների անունները: Հորինվածքը թեթևացված է կողային ուղղանկյուն և վերնամասի խաչաձև բացվածքներով: Տեղադրված է կրկնակի պատվանդանին, որի ստորին քարի օղակաձև փորվածքում ջրի քարե ծորակն է: Առջևում խաչաձև լուծումով ջրավազան է և ցայտաղբյուր: Պատվանդանի կողերին եկեղեցու ուրվագծային պատկեր է, հավերժաքանդակ և բաց խորան:

Պատվանդանին գրված է. «1919-1922. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ»։ Դիմային ճակատի քարերին գործողության մասնակիցների անուններն են՝ «ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ, ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ, ԵՐՎԱՆԴ ՖՈՒՆԴՈՒԿՅԱՆ, ԱՐՄԵՆ ԳԱՐՈ, ՄԻՍԱԿ ԹՈՐԼԱՔՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ՄԵՐՋԱՆՈՎ, ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ, ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ, ԱՐՇԱԿ ԵԶԴԱՆՅԱՆ, ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ԾԱՂԻԿՅԱՆ, ՀՐԱՉ ՓԱՓԱԶՅԱՆ, ԱՐՏԱՇԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ, ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՈՎ, ՊԵՏՐՈՍ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ»: Թիկունքին փորագրված է «ՆԵՄԵՍԻՍ», պատվանդանին՝ Թեհլերյանի խոսքերը. «ԿԱՆ ԴԱՏԵՐ, ՈՐՈՆՑ ՎՃԻՌՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԵԼ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ. ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ»:

Հուշարձանն ունի ցեղասպանությունը դատապարտող, այն իրականացրածներից արդարացի վրեժ լուծած հերոսների գործողությունը հիշեցնող, սերունդներին ազգային արժանապատվությամբ դաստիարակող նշանակություն:

  «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Օղակաձև այգի («Հանրային ռադիոյի» շենքի դիմաց)