ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՆԵՄԵՍԻՍ


2023


Ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան

1915 թ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թ. Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակին նվիրված հուշարձանը գտնվում է Ալեք Մանուկյան փողոցում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում:

Հուշարձանը պաշտոնապես բացվել է 2023 թ. ապրիլի 25-ին։

Հուշարձանը դեպի վեր աստիճանաձև նեղացող եզրագծով և «քարերի սիմֆոնիա» հիշեցնող սրբատաշ գրանիտից պատրաստված կոթող է՝ երկարավուն և կանոնավոր քարերի միակցումով, որոնց վրա գրված են վրիժառուների անունները: Հորինվածքը թեթևացված է կողային ուղղանկյուն և վերնամասի խաչաձև բացվածքներով: Տեղադրված է կրկնակի պատվանդանին, որի ստորին քարի օղակաձև փորվածքում ջրի ծորակն է: Առջևում խաչաձև լուծումով ջրավազան է և ցայտաղբյուր: Պատվանդանի կողերին եկեղեցու ուրվագծային պատկեր է, հավերժաքանդակ և բաց խորան:

Պատվանդանին գրված է. «1919-1922. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ»։ Դիմային ճակատի քարերին գործողության մասնակիցների անուններն են՝ «ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ, ԱՐԱՄ ԵՐԿԱՆՅԱՆ, ԵՐՎԱՆԴ ՖՈՒՆԴՈՒԿՅԱՆ, ԱՐՄԵՆ ԳԱՐՈ, ՄԻՍԱԿ ԹՈՐԼԱՔՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ՄԵՐՋԱՆՈՎ, ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ, ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ, ԱՐՇԱԿ ԵԶԴԱՆՅԱՆ, ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ԾԱՂԻԿՅԱՆ, ՀՐԱՉ ՓԱՓԱԶՅԱՆ, ԱՐՏԱՇԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ, ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՒՄՈՎ, ՊԵՏՐՈՍ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ»: Թիկունքին փորագրված է «ՆԵՄԵՍԻՍ», պատվանդանին՝ Թեհլերյանի խոսքերը. «ԿԱՆ ԴԱՏԵՐ, ՈՐՈՆՑ ՎՃԻՌՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՎՍՏԱՀԵԼ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ. ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ»:

Հուշարձանն ունի ցեղասպանությունը դատապարտող, այն իրականացրածներից արդարացի վրեժ լուծած հերոսների գործողությունը հիշեցնող, սերունդներին ազգային արժանապատվությամբ դաստիարակող նշանակություն:


Օղակաձև զբոսայգի