ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ


2022 թ.


Քանդակագործ՝ Գերասիմ Շահվերդյան

Հայ նշանավոր մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի և Ասիական խաղերի չեմպիոն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Ազարյանի (1929-2023 թթ.) կիսանդրին տեղադրելու մասին որոշումը Երևանի քաղաքային ավագանին կայացրել է 2021 թ.: Մոսկովյան փողոց, 3 հասցեում գտնվող և չեմպիոնի անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում 2022 թ. դեկտեմբերի 1-ին կանգնեցվել է նրա բրոնզաձույլ կիսանդրին: Բացման արարողությանը մասնակցել է նաև 93-ամյա Ալբերտ Ազարյանը:  Ձեռնարկն իրականացվել է ՀԱՕԿնախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Կիսանդրին տեղադրված է խաչաձև պատվանդանի վրա: Վերջինս խորհրդանշում է օղակների վրա աշխարհահռչակ հայորդու կատարած այն վարժությունների համալիրը, որը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կողմից հավաստագրվել է իբրև «Ազարյանական խաչ»: Պատվանդանի դիմային ճակատին փորագրված է՝

ԱԼԲԵՐՏ / ԱԶԱՐՅԱՆ. / ՕԼԻՄՊԻԱԿԱՆ / ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ:

Կիսանդրին կերտվել է ըստ այն նկարի, երբ 27-ամյա մարզիկն առաջին անգամ արժանացավ օլիմպիական չեմպիոնի կոչման (1956 թ.): Քանդակագործի պարզաբանմամբ, նա Ազարյանին «պատկերել է երիտասարդ, որպեսզի սերունդները նրան այդպիսին հիշեն»: 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մոսկովյան փող. 3