ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ԱՆԴՐԵՅ ՍԱԽԱՐՈՎԻ ՀՐԱՊԱՐԱԿ
1850-1860, 1924, 1960-ական
Պետ. ցուցիչ՝ 1.6.102
Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան
Գտնվում
է Վարդանանց, Նալբանդյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում։ Նալբանդյան փողոցով միանում
է Հանրապետության հրապարակին և կարևոր դեր ունի քաղաքի կենտրոնի քաղաքաշինական կառուցվածքի
ձևավորման մեջ։
Ակադեմիկոս
Ալեքսանդր Թամանյանի 1924 թ. կազմած Երևանի գլխավոր հատակագծում հրապարակը ներկայացվել
է ընդլայնված սահմաններով՝ պարսկական տիրապետության շրջանում Փանահ խանի, իսկ ռուսական
տիրապետության շրջանում Նոր կոչված հրապարակի (1850–1860-ական թթ.) տեղում։
Հրապարակի
կառուցապատումը սկսվել է 1920-ական թվականների վերջին և հիմնականում իրականացվել
1930-ական թվականներին։ Հրապարակի առաջին կառույցը ՀԽՍՀ Պետական ապահովագրության շենքն
է (1929–1931, ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար)։
Պատմական
կառույցներից պահպանվել է միայն Նալբանդյան և Վարդանանց փողոցների անկյունում գտնվող
երկհարկանի շինությունը՝ նախկին Արքունական պալատը և նահանգական գանձատունը (1901,
սև տուֆ, ճարտարապետներ՝ Վասիլի Միրզոյան, Ն. Կիտկին)։
Մինչև
1991 թ. Սախարովի անվան հրապարակը կրել է բոլշևիկ հեղափոխական, Բաքվի կոմունայի անդամ
Մեշադի Ազիզբեկովի անունը։ 2000 թ. նրա հուշարձանի տեղում, գլանաձև բազալտե պատվանդանի
վրա, տեղադրվել է աշխարհահռչակ ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր,
հասարակական և քաղաքական գործիչ, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկի՝ Անդրեյ Սախարովի
կիսանդրին (ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան, քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան)։
Սախարովի
անվան հրապարակը Երևանի կենտրոնական հրապարակներից է։