ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ


XVIII դ.


Այգին գտնվում է Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանի, ՀՀ Ազգային ժողովի շենքի և ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի հատման հատվածում։

Այգին գոյություն ունի առնվազն XVIII դարից։ Այգու տարածքն անանուն կերպով ներկայացված է Բորիս Մեհրաբյանի՝ 1906–1911 թվականներին կազմած Երևանի հատակագծում։ 1949 թվականին, ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150-ամյակի առթիվ, այն անվանվել է «Պուշկինի այգի»։ 1970 թվականին այգին վերանվանվել է «Բարեկամության այգի»՝ ի նշան ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության։ 1995 թվականին այն ստացել է «Սիրահարների այգի» անվանումը։

2006–2007 թվականներին այգին վերակառուցվել է ճապոնական ոճով՝ «Ռոբերտ Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ։ Վերակառուցման նախագիծը մշակել է շվեյցարացի լանդշաֆտային ճարտարապետ Պիեռ Ռամբախը։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 17-ին։

Այգին զբաղեցնում է 1,6 հա ընդհանուր տարածք, որից 1,05 հա-ը կանաչապատ տարածք է, իսկ 0,11 հա-ը՝ ջրային մակերես։ Կառուցվել են անցուղիներ, ջրուղիներ, երկու կղզյակներով արհեստական լճակ, չորս արհեստական ջրվեժ, ամֆիթատրոն, կամրջակներ, տաղավարներ, ցայտաղբյուրներ և մանկական խաղահրապարակ։ Տեղադրվել են նաև քարային տարբեր հորինվածքներ և տնկվել նոր ծառեր։ Այգին մուտքեր ունի ինչպես Մարշալ Բաղրամյան պողոտայի, այնպես էլ Դեմիրճյան փողոցի կողմից։

Սիրահարների այգին Հայաստանում ճապոնական ոճով ստեղծված առաջին և առայժմ միակ այգին է։ Այն ոչ միայն հանգստի և ժամանցի, այլև մշակութային ու հանրային տարբեր միջոցառումների անցկացման վայր է։


Մարշալ Բաղրամյան պող. 21
+37411 966 868