ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

«ՀայԱրտ» Կենտրոն


«ՀայԱրտ» Կենտրոնը մուլտիդիսցիպլինար հարթակ է, որը նվիրված է ժամանակակից արվեստի ներկայացմանը Հայաստանում։


1972 թվականին ԽՍՀՄ-ում բացվում է առաջին ժամանակակից արվեստի թանգարանը՝ ճարտարապետ Արմեն Զարյանի նախագծած բնակելի շենքի առաջին հարկում (Մաշտոցի պողոտա 7)։ Աշխատանքի ծավալների ընդլայնման անհրաժեշտությունից ելնելով՝ գրեթե 10 տարի անց ճարտարապետներ Գևորգ Արամյանն ու Ջիմ Թորոսյանը նախագծում են թանգարանի նոր մասնաշենքը։

Սա խորհրդային ճարտարապետության առաջին փորձն էր ժամանակակից արվեստի թանգարան նախագծելու։ Ճարտարապետներ Գևորգ Արամյանի ու Ջիմ Թորոսյանի նպատակն էր ստեղծել մոդեռնիստական ճարտարապետության սկզբունքներին համապատասխանող կառույց։

Այս մոտեցման արդյունքում կառուցվեցին 5 մոնոլիտ բետոնե գլանաձև շինություններ, որոնք իրար հետ կապվում էին անցումներով։ Մի կողմից դրանք խրված էին Մաշտոցից Սարյան բարձրացող բլրի մեջ, մյուս կողմից՝ կարծես կախված էին օդում՝ հենվելով կարճ սյուների վրա։

Շենքը պաշտոնապես բացվել է 1985 թվականին։ Կառույցը հիմնադրումից հետո հյուրընկալեց միջազգային ցուցահանդեսներ, որոնք կարևոր դեր խաղացին հայկական ժամանակակից արվեստի զարգացման գործում։ Այսօր այս շենքը մարմնավորում է 20-րդ դարի ճարտարապետության արդի մտածողությունը։ Այն խորհրդանշում է ժամանակի փորձառություններն ու ստեղծագործական ազատությունը՝ միաժամանակ մնալով ժամանակակից արվեստի ինքնատիպ նմուշ։

Այժմ շենքում գործում է 1997  թվականին հիմնադրված «ՀայԱրտ» Կենտրոնը:

«ՀայԱրտ» Կենտրոնը մուլտիդիսցիպլինար հարթակ է, որը նվիրված է ժամանակակից արվեստի ներկայացմանը Հայաստանում։ Գտնվելով Երևանում՝ մի շենքում, որը սկզբնապես նախագծվել էր որպես ժամանակակից արվեստի թանգարան, «ՀայԱրտ» Կենտրոնը շարունակում է այդ տեսլականը՝ աջակցելով արվեստի և համադրողական նորարարություններին և միջազգային համագործակցություններին։

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Երկուշաբթիից կիրակի՝ 11:00-19:00

ՄՈՒՏՔ


Մեծահասակներ  3000 դրամ 
Դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ – 1500 դրամ


Մաշտոցի պող., 7ա շենք
+37410 539 196