ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Հայ մեծանուն գրող, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը պահպանում և հանրայնացնում է մեծ լուսավորչի կյանքն ու ստեղծագործական արժեքները:
Երևանի
ամենահին թաղամասերից մեկում՝ Քանաքեռում է գտնվում հայ Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի
տուն-թանգարանը: Այն ունի 1 հա կանաչապատ տարածք՝ մրգատու, դեկորատիվ ծառերով և ծաղիկներով:
Թանգարանը բացառիկ է իր կառուցվածքով. գրողի տոհմական տունը և վարչական-ցուցադրական
շենքը ներկայացված են առանձին կառույցներով: Աբովյանների տոհմական տունը ունի գրեթե
երեքդարյա պատմություն: Հարթ տանիքով միահարկ շինություն՝ բաղկացած երեք սենյակից
/թոնրատուն, մառան, հյուրասենյակ/ և մեծ պատշգամբից, որտեղ պահպանված է հայ նահապետական
միջավայրն իր կենցաղով և բարքերով: Ժամանակին այս տունը հյուրընկալ օջախ է եղել բարձաստիճան
հոգևորականների, աշխարհիկ գործիչների և խաների համար: Այցելուների թվում եղել են նաև
օտարերկրյա գիտնականներ՝ Ֆրիդրիխ Պարրոտ, Ֆրիդրիխ Բոդենշտեդ, Կարլ Կոխ, Հերման Աբիխ,
Ավգուստ Հաքստհաուզեն և ուրիշներ:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
1938 թվականից տունը գործում է որպես թանգարան: Տոհմական տունը և թանգարանային շենքը (կառուցված 1978) պատմական հուշարձաններ են: Թանգարանային ցուցադրությունը ներկայացնում է մեծ լուսավորչի կյանքն ու գործունեությունը: Բացի կենսագրական-ստեղծագործական վավերագրերից և նյութերից, այստեղ տեղ են գտել նաև գեղանկարներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր։ Հիշատակության են արժանի հայ անվանի նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի, Էդուարդ Իսաբեկյանի և այլոց կտավները, ինչպես նաև հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ։ Ցուցադրության ուշագրավ նմուշներից են նաև Դորպատից բերված Խ. Աբովյանի ջութակը և Դորպատի համալսարանից ուղարկված գրողի ուսանողության տարիների գրասեղանն ու աթոռները: Թանգարանի տարածքում է գտնվում Անդրեաս Տեր-Մարուքյանի՝ 1913թ-ին Փարիզում կերտած Խ. Աբովյանի բրոնզաձույլ արձանը: Այն առաջին մոնումենտալ արձանն է՝ նվիրված գրական գործչի, և գրանցված է հանրապետական նշանակության պատմական հուշարձանների ցանկում: Թանգարանի այցեքարտերից է Աբովենց այգին՝ բացօթյա գրադարանով, հարմարավետ կահավորմամբ և հարուստ բուսականությամբ: Թանգարանի գործունեության անբաժան մասն են կազմում գրական-մշակութային միջոցառումները՝ համերգներ, ներկայացումներ, ընթերցումներ, շնորհանդեսներ, ցուցադրություններ, կլոր սեղան-քննարկումներ և այլն:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի
համալիրը (պետ. ցուցիչ՝ 1.12.15, վերակառուցված` 1939, 1978) ընդգրկում է գրողի հայրական տունը,
թանգարանի շենքը, գրողի արձանը, Էստոնիայի և Հայաստանի բարեկամության հուշաղբյուրը:
Հայաստանում Էստոնական գրականությանն
ու արվեստին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ 1964 թ. սեպտեմբերի 10-ին, համալիրում
տեղադրվել է Խ. Աբովյանի հուշարձանը (քանդակագործ՝ Անդրեաս Տեր-Մարուքյան, 1913, Փարիզ): Արձանի կերտման համար հիմք է ծառայել Դորպատի
հանրահայտ նկարիչ Ֆրիդրիխ Լյուդվիգ ֆոն Մայդելի` Աբովյանի դիմանկարը:
Համալիրի հարավային կողմում
հայ և էստոն ժողովուրդների բարեկամությունը խարհրդանշող հուշաղբյուրն է (ճարտարապետ՝
Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ՝ Արա Հարությունյան , 1964):