ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ


Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ներկայացված են հայկական կերպարվեստի երկու խոշորագույն վարպետների ստեղծագործությունները:


Պետ. ցուցիչ՝ 1.6.173

Ճարտարապետ՝ Վարազդատ Արևշատյան


Մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի և անվանի նկարիչ Հակոբ Կոջոյանի առանձնատունը կառուցվել է 1935 թ., ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ: Հեղինակը ճարտարապետ Վարազդատ Արևշատյանն է: Այստեղ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետները: 1973 թ. շենքն անվանի արվեստագետների ժառանգների ցանկությամբ տրամադրվել է պետությանը: Թանգարանը հիմնադրվել է 1973 թ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1970 թ. մայիսի 25-ի որոշ­մամբ: Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի 13 մասնաճյուղերից մեկն է։

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Արա Սարգսյանի արվեստի բաժնում ցուցադրված են քանդակագործի ստեղծագործությունները, լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Ներկայացված են նաև արվեստագետի թատերական ձևավորումներն ու գրաֆիկական գործերը: Քանդակագործի արվեստում գերիշխող է եղել դիմաքանդակի ժանրը: Փայլուն տիրապետելով արձանագործական արվեստում կիրառվող նյութերին` մարմարի, գրանիտի, բրոնզի, փայտի մեջ նա մարմնավորել է հայ ականավոր գործիչներ Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Թորոս Թորամանյանի, Սուրեն Սպանդարյանի, Վարդան Աճեմյանի և այլոց կերպարները:

Առանձնատան երկրորդ հարկում ներկայացված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Աշխատանքների մեծ մասը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից են, որոշ մասը՝ նկարչի ժառանգների նվիրատվությունն է։

Առանձնատան բակում տեղադրված են միջնադարյան խաչքար, Արա Սարգսյանի աշխատանքներից «Մայր Հայաստան», «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց», «Արտավազդ Բ» քանդակները: Քարե պարսպին ամրացված են «Շեփորահարներ», «Շինարարություն», «Մխիթար Հերացի» հարթաքանդակները:

Տուն-թանգարանի մուտքի մոտ՝ 1981 թ. տեղադրվել է Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի հուշակոթողը (ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան, քանդակագործ՝ Էդուարդ Աղայան): Այն ուղղաձիգ պատվանդանի վրա տեղադրված բարդ կոնֆիգուրացիայով, զույգ կամարակապ խորշերով երկկողմանի ծավալ է: Խորշերից մեկի մեջ տեղադրված է Հ. Կոջոյանի, մյուսում՝ Ա. Սարգսյանի դիմաքանդակը: Դիմաքանդակները բրոնզից են, աչքի են ընկնում դիմապատկերային նմանությամբ:

 

ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ


Երեքշաբթիից կիրակի՝ 11:00-17:00


ՄՈՒՏՔ


Մեծահասակներ - 1000 դրամ
Աշակերտներ, ուսանողներ, թոշակառուներ - 500 դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն/օտար լեզու – 3000 դրամ


Ալ. Պուշկինի փող. 70
+37410 561 160