ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.171
Ճարտարապետներ՝ Պերճանուշ Մսրյան-Օքսուզյան, Հենրիխ
Առաքելյան
Առանձնատունը գտնվում է Յա. Զարոբյան փողոց, 20 հասցեում: Կառուցել և Ավետիք Իսահակյանին է նվիրել Հայաստանի կառավարությունը, 1946 թ.: Նախագծի հեղինակն է Պերճանուշ Մսրյան-Օքսուզյանը: 1947-1957
թթ. այս տանն է ապրել հայ անվանի բանաստեղծը: 1963 թ. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ տունը վերակառուցվել
է ու վերածվել տուն-թանգարանի: Բացումը տեղի է ունեցել 1963 թ. նոյեմբերի
30-ին: Վերակառուցվել է Հենրիխ Առաքելյանի
նախագծով:
Ուղղանկյուն հատակագծով, կիսով չափ միահարկ, կիսով չափ երկհարկ, սև տուֆից կառուցված, 16 x 17 մ չափերով շինություն է: Առաջին հարկում գտնվում են մեմորիալ սենյակները: Երկրորդ հարկում ցուցասրահներն են, որտեղ ներկայացված են գրողի ստեղծագործական ուղին պատկերող ցուցանմուշներ: Գլխավոր ճակատն ուղղված է հարավ-արևելք: Կամարակապ ընդհանուր ծավալից բարձր ճակտոնով շքամուտքը քիչ ետ է ընկած: Առաջին հարկի կամարում լուսամուտներն ունեն կիսաշրջան եզրակալներ: Երկրորդ հարկը լուսավորվում է երդիկներից:
Այգում, գրողի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, «Աբու-Լալա Մահարի» պոեմի մոտիվներով կառուցվել է կարմիր տուֆից խճանկար շվաքարան-զրուցարան: Այգու կենտրոնում գտնվում է տուֆակերտ զարդաքանդակ նստարան (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), որը գրողի ծննդյան 80-ամյակի առթիվ նվիրել են Հայաստանի ճարտարապետները:
1988 թ. շենքում կատարվել են վերանորոգման աշխատանքներ:
Տուն-թանգարանը Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, որը տարաբնույթ միջոցառումների միջոցով պահպանում և հանրայնացնում է Վարպետի կյանքն ու ստեղծագործական հարուստ ժառանգությունը` հաղորդակից դարձնելով դրանց ինչպես հայ, այնպես էլ օտարազգի այցելուներին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթի-շաբաթ՝ 10:30-17:00
Կիրակի՝ 11:00-16:00
Երկուշաբթի ՝ փակ
ՄՈՒՏՔ
Ուսանողներ - 300 դրամ
Երեխաներ - 300 դրամ
Մեծահասակներ - 500 դրամ
Թոշակառուներ – անվճար
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Հայերեն - 2000 դրամ
Օտար լեզուներ/ ռուսերեն , անգլերեն/ – 2500 դրամ