ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ԱՎԱՆԻ ՏԱՃԱՐԻ ՀԱՄԱԼԻՐ
Ավանի տաճարը հայկական քրիստոնեական ճարտարապետության առաջին հինգ գմբեթավոր եկեղեցիներից մեկն է:
Ավանի տաճարի
համալիրը ներառում է Կաթողիկե եկեղեցին, կաթողիկոսական պալատը, խաչքարերով գերեզմանատունը
և վաղ միջնադարյան հուշարձաններ:
Ավանի տաճարը կամ Կաթողիկե եկեղեցին (նաև՝ Ծիրանավոր, Սուրբ
Աստվածածին) կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը (591-602)՝ որպես իր նստավայր
և Հայաստանի բյուզանդական մասի հոգևոր կենտրոն։ Ենթադրվում է, որ ճարտարապետը Յոհան սարկավագն
է, ում անունը վիմագրված
է եկեղեցու արևելյան ճակատին։ Տեսակետ կա, որ կառուցվել է ավելի հին շինության (հավանաբար, 4-5-րդ դդ.) տեղում:
Արտաքինից ուղղանկյուն,
ներսից խաչաձև, գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառանավ, չորս անկյուններում կլոր
գմբեթավոր նախասրահներով այս հուշարձանային կառույցը կառուցված է սրբատաշ կարմրավուն
տուֆից: Հատակը սալարկված է: Արևմտյան մուտքի վերևում ձկան տեսքով վիշապաքար է (մ.թ.ա.
2-րդ հազարամյակ): Պատերին պահպանվել են 13-14-րդ դարերի արձանագրություններ: Սա հայկական
քրիստոնեական ճարտարապետության առաջին հինգ գմբեթավոր եկեղեցիներից մեկն է: Հորինվածքը
նախատիպ է եղել Հայաստանի ու Վրաստանի հռիփսիմեատիպ հուշարձանների համար:
Կաթողիկոսական պալատը 591-602 թթ․ կառուցել է Հովհան Բագարանցի կաթողիկոսը տաճարի
հյուսիսային կողմում։ Մեզ հասած վաղ միջնադարյան սակավաթիվ աշխարհիկ կառույցներից է։
Ավերված է։ Պատերի մնացորդները 3-4 շարք քարի բարձրությամբ են։
Գերեզմանատանը պահպանվել են վաղ միջնադարյան կոթողների բեկորներ
(6-7-րդ դդ.), 13-17-րդ դարի խաչքարեր (մի մասն արձանագրված և
թվագրված է՝ 1191, 1605), տապանաքարեր։ Տաճարի հարավային կողմում
թաղված է 610-611 թ․ վախճանված Հովհան Բագարանցի կաթողիկոսը։
Հուշարձանախումբն ավերվել է 1679 թ. Արարատյան դաշտավայրի
ավերիչ երկրաշարժից։ 1937, 1940, 1950-ական թվականների վերջին, 1968 թ. կատարվել են պեղման-մաքրման
աշխատանքներ։ Մասնակիորեն վերանորոգվել է 1941 և 1968 թթ․։
Հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, 2-րդ նրբանցք։