ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԱՎԱՆԻ ՏԱՃԱՐԻ ՀԱՄԱԼԻՐ


Ավանի տաճարը հայկական քրիստոնեական ճարտարապետության առաջին հինգ գմբեթավոր եկեղեցիներից մեկն է:


6-7-րդ դարեր, 17-րդ դար
Պետցուցիչ՝ 1210
Կառուցող՝ Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոս

Ավանի տաճարի համալիրը ներառում է Կաթողիկե եկեղեցին, կաթողիկոսական պալատը, խաչքարերով գերեզմանատունը և վաղ միջնադարյան հուշարձաններ:

Ավանի տաճարը կամ Կաթողիկե եկեղեցին (նաև՝ Ծիրանավոր, Սուրբ Աստվածածին) կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողի­կոսը (591-602)՝ որպես իր նստավայր և Հայաստանի բյուզանդական մասի հոգևոր կենտրոն։ Ենթադրվում է, որ ճարտարապետը Յոհան սարկավագն է, ում անունը վիմագրված է եկեղեցու արևելյան ճակա­տին։ Տեսակետ կա, որ կառուցվել է ավելի հին շինության (հավանաբար, 4-5-րդ դդ.) տեղում: 

Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառանավ, չորս անկյուններում կլոր գմբեթավոր նախասրահներով այս հուշարձանային կառույցը կառուցված է սրբատաշ կարմրավուն տուֆից: Հատակը սալարկված է: Արևմտյան մուտքի վերևում ձկան տեսքով վիշապաքար է (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ): Պատերին պահպանվել են 13-14-րդ դարերի արձանագրություններ: Սա հայկական քրիստոնեական ճարտարապետության առաջին հինգ գմբեթավոր եկեղեցիներից մեկն է: Հորինված­քը նախատիպ է եղել Հայաստանի ու Վրաստանի հռիփսիմեատիպ հուշարձանների համար:

Կաթողիկոսական պալատը 591-602 թթկառուցել է Հովհան Բագարանցի կա­թողիկոսը տաճարի հյուսիսային կողմում։ Մեզ հասած վաղ միջնադարյան սակավաթիվ աշխարհիկ կառույցներից է։ Ավերված է։ Պատերի մնացորդները 3-4 շարք քարի բարձրությամբ են։

Գերեզմանատանը պահպանվել են վաղ միջնադարյան կոթողների բեկորներ (6-7-րդ դդ.), 13-17-րդ դարի խաչ­քարեր (մի մասն արձանագրված և թվագրված է՝ 1191, 1605), տապանաքարեր։ Տաճարի հարավային կողմում թաղված է 610-611 թ վախճանված Հով­հան Բագարանցի կաթողիկոսը։

Հուշարձանախումբն ավերվել է 1679 թ. Արարատյան դաշտավայրի ավերիչ երկրաշարժից։ 1937, 1940, 1950-ական թվականների վերջին, 1968 թ. կատարվել են պեղման-մաքրման աշխատանքներ։ Մասնակիորեն վերանորոգվել է 1941 և 1968 թթ։

Հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, 2-րդ նրբանցք։


Մարշալ Խուդյակովի փողոց 2-րդ նրբանցք