ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԷՐԵԲՈՒՆԻ ԱՄՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (կրկնօրինակ)


1968


Երևանը աշխարհի հնագույն այն քիչ քաղաքներից է, որն ունի իր ծննդյան վկայականը:

1950 թ. աշնանը, քաղաքի հարավարևելյան մասում բարձրացող Արին բերդ բլրի վրա իրականացված պեղումների ժամանակ (հնագիտական արշավախմբի ղեկավար՝ ճարտարապետ Կոստանդին Հովհաննիսյան) հայտնաբերվեց Հին Արևելքի հզոր պետություններից մեկի՝ Վանի (Բիայնիլի) թագավորության տիրակալ Արգիշտի Ա արքայի (մ.թ.ա. 786-764) սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին:

Արձանագրությունը կազմվել է չորս օրինակից, և բոլորն էլ ունեն բնօրինակի արժեք. մեկը գտնվում է հնավայրում, երկուսը՝ «Էրեբունի» թանգարանում, իսկ չորրորդը՝ Հայաստանի պատմության թանգարանում: Արձանագրության բովանդակությունն է՝ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… «Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Էրեբունի անվան հիշատակությամբ այս սեպագիրը Հայոց մայրաքաղաքի ծննդյան գրավոր վկայականն է, անառարկելի ապացույցն այն բանի, որ Երևանը Էրեբունիի իրավահաջորդն է, և նրանով է սկսվում Երևանի գրավոր պատմությունը:

Արգիշտին ամրոցը կառուցել է Արարատյան դաշտի սրտում՝ ամայի վայրում, իր կառավարման հինգերորդ տարում՝ մ.թ.ա. 782 թ., և այստեղ բնակեցրել 6600 զինվոր: Էրեբունին ռազմավարական խոշոր նշանակություն է ունեցել Արարատյան դաշտում և Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում Վանի թագավորության դիրքերն ամրապնդելու համար, եղել է վարչական և պաշտամունքային խոշոր կենտրոն:
Էրեբունի ամրոցի սեպագիր արձանագրության կրկնօրինակվել է 1968 թվականին՝ Երևանի հիմնադրման 2750-ամյակի առթիվ: 2005 թվականին այն տեղադրվել է Երևանի պատմության թանգարանի մուտքի ձախակողմում,  իսկ աջակողմում կանգնեցվել է արձանագրության հայերեն վերծանությամբ քարը: Սեպագիրը կրկնօրինակվել է գորշ բազալտի միակտոր, զանգվածեղ քարի հարթեցված երեսին:


Արգիշտի փողոց