ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ


1969


Պետ ցուցիչ՝ 1710

Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան

Դրվագող՝ Ներսես Չարխչյան

Հին հայկական դիցաբանության ռազմի, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստված Վահագնի հուշարձանը գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայում: Ավանդության համաձայն` Վահագնը մենամարտի է բռնվել խավարը մարմնավորող վիշապների հետ, որտեղից էլ ստացել է Վիշապաքաղ մականունը։

Քանդակը 1960-ականներին կերտել է Կառլեն Նուրիջանյանը: Տեղադրվել է 1969 թ. Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայում: 1970-ական թթ. տեղափոխվել է Հայաստանի նկարիչների միության շենքի հարակից տարածք, 1980-ական թթ.՝ Էջմիածնի խճուղի: 1990-ական թթ. վերջին քամուց ընկել ու կոտրվել է: 2001 թ. այն վերականգնել է հայտնի քանդակագործ-դրվագող Ներսես Չարխչյանը: 2004 թ. դեկտեմբերի 19-ին տեղադրվել է Ծովակալ Իսակովի պողոտայում:

Պղնձե հորինվածք է՝ տեղադրված բազալտե անմշակ քարաբեկորի վրա: Բարձրությունը 3,5 մ է: Ներկայացնում է վիշապի հետ մարտնչող Վահագն աստծուն: Քանդակում արտահայտված է կյանքի և մահվան միջև պայքարի, չարի նկատմամբ բարու հաղթանակի գաղափարը:

Արձանի կրկնօրինակը 1971 թ. տեղադրվել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մշակույթի տան դիմաց:


Իսակովի պողոտա