ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՋՐԱՎԱՃԱՌ ՊԱՏԱՆԻՆ - ԵՐԵՎԱՆԻ ՍԱՌԸ ՋՈՒՐԸ
1970
Պետ. ցուցիչ՝ 1.6.208
Քանդակագործ՝ Հովհաննես Բեջանյան
Ճարտարապետ՝ Սպարտակ Կնտեղցյան
Քանդակը
գտնվում է Անգլիական այգում, Պեպոյի արձանի և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական
թատրոնի միջև՝ ճեմուղու եզրին։ Նախապես տեղադրված է եղել Անգլիական (նախկին Կոմունարների,
Թատերական) այգու մուտքի մոտ՝ Ստեփան Շահումյանի անվան հրապարակի կողմից:
Այն նվիրված է
1910-1930-ական թվականների Երևանի բուլվարում և Անգլիական այգում ջուր վաճառող տղաներին։
20-րդ դ. առաջին տասնամյակներին Երևանը դեռ ջրառատ չէր, և շրջիկ ջրավաճառներն էին օգնում
լրացնել ջրի պակասը՝ միաժամանակ այդպիսով ապահովելով իրենց ապրուստը։ Փոքր ավազանի
կենտրոնում տեղադրված գլանաձև բազալտե պատվանդանի վրա ջուր ծախող տղայի բրոնզաձույլ
արձանն է՝ աջ ձեռքում կուժ, ձախում՝ կավե գավաթ: Պլաստիկ մշակված կիսամերկ, նիհար ու
ճկուն մարմինը, բնական կեցվածքը քանդակին տալիս են աշխուժություն և դինամիկա: Ընդհանուր
բարձրությունը 2,2 մ է: