ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1965


Պետ. ցուցիչ՝ 1.6.133

Քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան

Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան

Հայ գրող, բանաստեղծ, փիլիսոփա, գրաքննադատ, հրապարակախոս Միքայել Նալբանդյանի (1829-1866) հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Խանջյան, Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ Ազգային անվտանգության շենքի դիմաց։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1965 թ. նոյեմբերի 29-ին։ Արձանը կոփածո բրոնզից է, ունի 4,5 մ բարձրություն, տեղադրված է սև գրանիտե պատվանդանի վրա: Նալբանդյանը պատկերված է կերպարային նմանությամբ՝ խրոխտ կեցվածքով, ձեռքերը մեջքին դրած, գլուխը բարձր։ Դիմագծերն անհատականացված են, կերպարը բանաստեղծական է և վեհանձն՝ զուսպ և ամբողջական ձևերի, հոծ զանգվածայնության և սիլուետային ընդգծվածության շնորհիվ: Արձանի հետնամասում՝ ցածր եզրապատի վրա փորագրված է ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ: Ընդարձակ հարթակն ու պատվանդանը շեշտում են քանդակի վեհությունը:

Քանդակում արտահայտված են 1960-ական թթ. խորհրդահայ քանդակագործության պլաստիկ տարրերը՝ կերպարի ռոմանտիզմ, լակոնիզմ և միջոցների ընդհանրացում:

Միքայել Նալբանդյանի հուշարձանը Երևանի լավագույն հուշարձաններից է, որը, ներդաշնակորեն միահյուսվելով շրջապատող բնության հետ, ձևավորում է քաղաքի բանուկ խաչմերուկներից մեկը:


Նալբանդյան փողոց