ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1974
Պետ. ցուցիչ՝ 1.6.117
Ճարտարապետ՝ Սպարտակ Կնտեղցյան
Քանդակագործ՝ Հովհաննես
Բեջանյան
Հուշարձանը նվիրված է ռուս գրող, դիվանագետ
Ալեքսանդր Գրիբոյեդովին (1795-1829), որը Արևելքի, մասնավորապես, Հայոց պատմության
խոր գիտակ էր: Նա մասնակցել է 1828 թ. փետրվարի 10-ին ստորագրված Թուրքմենչայի ռուս-պարսկական
պայմանագրի բանակցություններին, որով Ռուսաստանը վերջնականապես հաստատեց իր իշխանությունը
Այսրկովկասում։ 1827 թ. հոկտեմբերին, Երևանի ազատագրման օրերին, հեղինակի ներկայությամբ
առաջին անգամ բեմադրվել է նրա «Խելքից պատուհաս» կատակերգությունը։
Գրիբոյեդովը, լինելով Ռուսաստանի դեսպանը Պարսկաստանում,
պաշտպանել է այնտեղ ապրող հայերի իրավունքները և մեծապես նպաստել 1605 թ. Շահ Աբաս
Ա-ի բռնագաղթվածների սերունդների վերաբնակեցմանը Արևելյան Հայաստանում։ Սպանվել է Թեհրանում՝
պարսիկների հարձակման հետևանքով։
Մեծանուն գրողի արձանը տեղադրված է Օղակաձև
զբոսայգու սկզբնամասում՝ Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում, «Այրարատ»
(«Ռոսիա») կինոթատրոնի դիմաց։ 6,2 մետր բարձրությամբ բազալտե պատվանդանի վրա կանգնեցված
է 4,1 մետր բարձրությամբ բրոնզաձույլ քանդակը։ Քանդակը դինամիկ է, ունի կերպարային
նմանություն, ամբողջացնում է ժամանակի խնդիրներով ապրող ռուս մտավորականի կերպարը:
Գրիբոյեդովը ներկայացված է 19-րդ դ. բնորոշ հագուստով, ակնոցն աչքերին, գիրքը ձեռքին:
Պատվանդանին փորագրված է. ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ: