ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ


1975 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.129

Քանդակագործ՝ Երվանդ Քոչար

Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան


Գտնվում է Օղակաձև զբոսայգում, Խանջյան և Վարդանանց փողոցների ու Գլխավոր պողոտայի հատման հատվածում: Նվիրված է Սասանյան Պարսկաստանի դեմ V դ. հայ ազատագրական շարժման առաջնորդ, 451 թ. Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատար, սպարապետ Վարդան Մամիկոնյանին: Բացումը կատարվել է 1975 թ. դեկտեմբերի 20-ին:


Տուֆով սալարկված հրապարակում, Արթիկի վարդագույն տուֆից կառուցված սրբատաշ պատվանդանին հեծյալ սպարապետի՝ կարծես օդում կախված, կոփածո պղնձե արձանն է: Պլաստիկ լուծումն էքսպրեսիվ է՝ մոնումենտալ ոճավորմամբ, լեցուն շարժումով և լարվածությամբ: Քարե պատվանդանի բարդ, դինամիկ հորինվածքը համահունչ է ստեղծագործության ընդհանուր ոգուն: Վարդան Մամիկոնյանի կերպարը ցուցադրում է արիություն և հանուն հայրենիքի նահատակվելու աննկուն կամք:


Հուշարձանը կրում է իտալական Վերածննդին և XX դ. քանդակագործությանը բնորոշ հորինվածքային ու ոճական տարրեր: Ընդհանուր բարձրությունը 17 մ է:

Առանցքային դերակատարում ունի զբոսայգու և փողոցների հատումներով ստեղծված քաղաքաշինական բարդ միջավայրում:

 

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Խանջյան փող.