ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.96.1
Շահագործման սկիզբը՝ 1958 թ.
Ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, մասնակցությամբ՝ Էդուարդ Ալթունյանի և Լևոն Մելքոնյանի
Կոնստրուկտոր՝ Ս. Գ. Բաղդասարյան
Գտնվում է Հանրապետության հրապարակի հարավարևմտյան եզրին՝ Ամիրյան փողոցի հետ հատման անկյունում:
Հյուրանոցը գործել է 1958-ից: 1963 թ. կառուցվել է Ամիրյան փողոցի թևը (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան): 1980-ական թթ. կառուցվել է Վազգեն Սարգսյան (նախկին Շահումյան, ապա՝ Խորհրդարանի) փողոցի թևը (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան):
Խորհրդային ժամանակաշրջանում եղել է քաղաքի գլխավոր հյուրանոցը: ԽՍՀՄ փլուզումից հետո հյուրանոցը ձեռք է բերել AK Development կազմակերպությունը և 1998-ից հիմնովին վերանորոգել է՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին: Հյուրանոցը վերանվանվել է Armenia Marriott Hotel Yerevan.
Հրապարակում գտնվող կենտրոնական մասնաշենքն ունի հրապարակին համապատասխանող գոգավոր ուրվագիծ: Բաղկացած է յոթ հարկից: Երրորդ և չորրորդ հարկերում տեղավորված է ռեստորանը, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ հարկերում՝ սենյակները: Հյուրանոցի մեջ են մտնում նախասրահը, ճաշկերույթի 3 սրահները, ինչպես նաև՝ առաջին հարկի սրճարան-ռեստորանը, կոկտեյլ-բարը և այլն:
Ճակատի երկարությունը 172 մ է:
Շենքի գլխավոր ճակատն աչքի է ընկնում ռիթմիկ և վերսլաց կառուցվածքով: Հարդարանքում օգտագործված է ազգային զարդանախշերով քարի մշակումը:
Քարակերտ է, պատերի շարվածքը` միդիս: Միջհարկային ծածկերը և կրող կոնստրուկցիաները երկաթբետոնյա են:
«Արմենիա» հյուրանոցն Արհեստակցական միությունների և կապի նախարարության շենքի հետ մեկտեղ, որը հորինված է համանման սկզբունքով, կազմում է առանձին խումբ և հրապարակի մեծ առանցքով բաժանվում է կառավարական շենքերի խմբից: Խորհրդային Հայաստանի 1950-ական թթ. հասարակական շենքերից է, որը կարևոր դեր ունի Հանրապետության հրապարակի ձևավորման գործում:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան