ԲԼՈԳ

10 խորհուրդ՝ ինչպես նշել Սիրահարների տոնը Երևանում
Փետրվարի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Սուրբ Վալենտինի կամ Սիրահարների տոնը։ Սակայն Հայաստանում կա սիրահարների օրհնության մեկ այլ գեղեցիկ տոն` Սուրբ Սարգսի տոնը, որը նվիրված է սիրո և երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգիս զորավարին։ Հայաստանում այս տոնը նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսերով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով, որոնք հայկական մշակույթի անբաժան մասն են կազմում։ Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները ուտում են աղի բլիթ՝ հավատալով, որ երազում կտեսնեն իրենց ապագա զուգընկերոջը։ Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 15-ին։
Սիրահարների տոնին Երևանը վերածվում է իրական սիրո քաղաքի։ Եթե սիրով ու ջերմությամբ լի այս օրերին նախատեսում եք լինել Երևանում, ահա 10 խորհուրդ, թե ինչպես կարող եք անցկացնել այս գեղեցիկ տոնը՝
- Կազմակերպել ռոմանտիկ ընթրիք։Կարող եք կազմակերպել ռոմանտիկ ընթրիք Երևանի ռեստորաններից կամ գինետներից որևէ մեկում ձեր սիրելիի հետ։
- Զբոսնել Երևանում։Կարող եք միասին զբոսնել քաղաքի լուսավորված և զարդարված փողոցներով ու ստեղծել հիշարժան պահեր։
- Զվարճանքով լի օր անցկացնելու համար կարող եք այցելել Երևան Պարկ և օգտվել տարբեր ատրակցիոններից։
- Հանգիստ ու հաճելի օր ունենալու համար կարող եք այցելել քաղաքի սպա սրահներից որևէ մեկը։
- Այցելել սահադաշտ։Ձմեռվա գեղեցկությունը վայելելու և զվարճալի ժամանակ անցնակցնելու համար կարող եք այցելել Ձմեռային այգու կամ քաղաքի այլ վայրերում գտնվող սահադաշտերից որևէ մեկը։
- Քաղաքի գեղեցկությամբ հիանալու և հիասքանչ երեկո անցկացնելու համար կարող եք ընթրել տանիքում գտնվող ռեստորաններից որևէ մեկում։
- Երեկոն կարող եք վայելել՝ այցելելով թատերական որևէ ներկայացման, համերգի կամ ռոմանտիկ շոու ծրագրի։ Օրինակ՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում կարող եք վայելել «Առաջին սիրո երգ» համերգը, որի ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի սիրված մեղեդիները` օպերային և էստրադային երգիչների կատարումներով։
- Միասին վայելել մայրամուտը։Հաղթանակի զբոսայգուց, Կասկադից կամ քաղաքի այլ տեսարժան վայրերից միասին կարող եք դիմավորել մայրամուտը։
- Կարող եք այցելել Վերնիսաժ կամ քաղաքի այլ տեղական շուկաներ՝ յուրօրինակ նվեր գնելու ձեր սիրելիի համար։
- Երևանի գեղեցկությունը վերևից միասին վայելելու և անմոռանալի տպավորություններ ունենալու համար կարող եք իրականացնել օդապարիկով կամ ուղղաթիռով թռիչք։