ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ
Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը՝ Երևանի քաղաքապետարանի և միջազգային գործընկերների հետ համատեղ, կազմակերպում է ամենամյա նորաձևության շաբաթը՝ նպատակ հետապնդելով զարգացնել հայկական նորաձևությունը և ճանաչելի դարձնել համաշխարհային հարթակներում, իսկ Երևան քաղաքը դասել նորաձևության շաբաթ հյուրընկալող քաղաքների շարքում։
Միջոցառման ընթացքում ներկայացվում են ավելի քան 20 հայ և միջազգային դիզայներների հավաքածուների ցուցադրություններ` նորարարության, կայունության, մշակութային ինքնության շեշտադրմամբ։
Միջոցառումը հագեցած է տպավորիչ ցուցադրություններով, ցուցահանդեսներով և ստեղծագործական այլ նախագծերով, որոնց ընթացքում դիզայներները ներկայացնում են իրենց նոր հավաքածուները ։
Fashion Scout Armenia երիտասարդ դիզայներների մրցույթն ուղղված է նոր տաղանդների բացահայտմանը և նրանց միջազգային ճանաչում ապահովելուն՝ Fashion Scout միջազգային հարթակի միջոցով։ Մրցույթի հաղթողները հնարավորություն են ստանում ներկայանալ Լոնդոնի Նորաձևության Շաբաթին և մասնակցել Polimoda ուսումնական ծրագրին։
Fashion Expo ցուցահանդեսային տարածքը ներառում է ավելի քան 60 հայկական և միջազգային բրենդների մասնակցություն։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս կազմակերպություններին ներկայացնել իրենց հավաքածուները, հաստատել նոր կապեր և համագործակցություններ, իրականացնել վաճառքներ, բարձրացնել ապրանքանիշի տեսանելիությունը և շփվել միջազգային հյուրերի ու ոլորտի փորձագետների հետ՝ փորձառություն կիսելու համար։
Fashion Talks առաջարկում է պանելային քննարկումներ նորաձևության միջազգային հեղինակավոր հյուրերի հետ հետևյալ թեմաներով՝ ոճավորում, լուսանկարչություն, կայունություն, ՏՏ և նորաձևություն, պորտֆոլիոյի ստեղծում և այլն։
Միջոցառման շրջանակում իրականացվում են հատուկ նախագծեր՝ CRELAB Տավուշ և Կոտայք մարզային կենտրոնների ցուցադրություններ, Pepsi x YFW մրցույթը և Denim Cycle ցուցադրությունը։
Միջոցառումը լուսաբանվում է միջազգային և տեղական նորաձևության առաջատար մեդիայի կողմից՝ Vogue, Elle, Harper's Bazaar, BBC, Le Mile, Fucking Young, White Milano, Tranoi և այլն։
Ամսաթիվ: 22–25 հոկտեմբեր 2026
Երևան քաղաք