ԲԼՈԳ
Երևանը՝ անցյալ դարի կինոնկարներում
Երևան քաղաքի պատմության թանգարանում մինչև դեկտեմբերի 1-ը բաց կլինի «Երևանը՝ անցյալ դարի կինոնկարներում» խորագրով ցուցադրությունը։
Հայկական կինոարտադրության հարյուրամյակի (1923-2023) կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում մինչև դեկտեմբերի 1-ը բաց կլինի «Երևանը՝ անցյալ դարի կինոնկարներում» խորագրով ցուցադրությունը։
Այն ներառում է Երևան քաղաքի պատմության թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուի մաս կազմող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի մասնավոր հավաքածուի հայկական կինոնկարների ազդագրերը։ Ցուցանմուշները հիմնականում ռուսերենով են, քանի որ հայկական կինոարտադրությունը խորհրդային տարիներին ֆինանսավորում էր կենտրոնից։ Ներկայացված են հայտնի կինոնկարներից «Սարոյան եղբայրներ», «Խոշոր շահում», «Մարդը Օլիմպոսից», «Տղամարդիկ», «Հայրիկ» և ուրիշ ֆիլմեր, որոնք ամբողջությամբ կամ հատվածաբար նկարահանվել են Երևանում։ Այցելուն կարող է տեսնել նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող Հայֆիլմի առաջին տնօրեն Համո Բեկնազարյանի կինոնկարահանման ապարատը, տարբեր ֆիլմերի կինոժապավեններ:
Հայ կինոյի 100-ամյակի առթիվ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել էր հոբելյանական նամականիշ, որի մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ցուցադրության շրջանակներում:
16 November 2023