ԲԼՈԳ
Նորաձևության շոփինգ Երևանում. մաս 1
Հայերը փոքր ազգ են, ու ունեն դարերով հղկված հրաշալի կարողություն՝ փոքր դետալներում խտացնել մի ամբողջ փիլիսոփայություն:
Երևանը վերջերս է սկսել դիտարկվել որպես շոփինգի համար նախատեսված քաղաք, այստեղ կարելի է գտնել ամենայուրահատուկ և նորաոճ իրերը: Իհարկե, Երևանում գործում են եվրոպական ապրանքներ ներկայացնող մոլեր՝ Երևան մոլը, Դալմա մոլը, Ռիո մոլը, Մեգամոլը և այլն, սակայն մոլերի մշակույթը համեմատաբար նոր է Երևանի համար: Ամեն դեպքում, զանգվածային արտադրության համար նախատեսված աշխարհահռչակ գրեթե բոլոր հայտնի բրենդները հաջողությամբ ներկայացված են երևանյան մոլերում՝ Zara, Massimo Dutti, Desigual, Ecco և այլն: Տեսականին թարմացվում է եվրոպական երկրներում գտնվող բրենդային խանութներին զուգահեռ: Զեղչային համակարգերը նույնպես զուգահեռ են գործում՝ կան թե՛ սեզոնային զեղչեր, և թե՛ որոշակի հավաքածուների վրա գործող:
Սակայն Երևանում օրեցօր ավելի լայն տարածում են ստանում հայկական փոքր բուտիկները, որոնք հետզհետե մրցունակ են դառնում նաև բարձր նորաձևության աշխարհում: Հայ դիզայներները ստեղծում են փոքրիկ, բայց յուրահատուկ հավաքածուներ, որոնք ունեն սեփական ձեռագիր և յուրահատուկ մոտեցումներ: Ազգային զարդանախշերի հետ շատ նուրբ է խաղում Shamshik-ը` համադրելով տարազային էլեմենտները ամենօրյա հագուստի հետ: Ամենասովորական շապիկները հայ դիզայներ Shabeeg-ի հավաքածուներում ձեռք են բերում գաղափարախոսություն, որոնք ընդգծում են այն կրողի յուրօրինակությունը: Եթե սիրում եք ձեռագործ ու էքսկլյուզիվ աշխատանք, ապա ձեզ հաստատ կզարմացնի Լoom-ը: Իսկ եթե սիրում եք բնություն և դրա մեջ տարրալուծված դիզայն, անպայման ծանոթացեք nellyserobyan.ns-ի հավաքածուների հետ: Այն մի շարք այլ հայկական առաջատար բրենդերի հետ ներկայացված է քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում՝ Սայաթ-Նովայի 5 հասցեում գտնվող 5 Concept խանութում:
Թեհրանում ծնված և մեծացած հայ դիզայներ Արիգա Թորոսյանի հավաքածուներին արժե ծանոթանալ, եթե սիրում եք հագուստի մեջ փնտրել թաքնված իմաստներ: Լակոնիկ և ինտելեկտուալ ոճը նախընտրողները ruzane-ի ստեղծած հագուստներում իրենց կզգան՝ ինչպես տանը: Հստակ երկրաչափական պատկերների ու բնական քարերի համադրությամբ աքսեսուարների մեծ տեսականի է առաջարկում 4tysevenjewelry: Իսկ արտառոց պայուսակներ փնտրողներին սիրով ուղեկցում ենք Soncess:
Ընդհանրապես, նորաձևության շոփինգի առումով Երևանը շատ բազմաշերտ է, այստեղ կան ինչպես հայ դիզայներներ, որոնք արդեն մրցունակ են բարձր նորաձևության աշխարհում, այնպես էլ սովետական վինտաժ բուտիկներ, ինչպես antarber.vintage, և, ինչու ոչ, ճապոնական կիմանոներ` hitobito_kimono: Հայկական գեղանկարչությանը ծանոթանալու և Հայաստանի գույները զգալու համար է ստեղծված Artuyt Armenia-ն: Նրանց շարֆերը հիմնված են հայ նկարիչների կտավների և կոլաժների վրա:
Եթե սիրում եք անհատական, միայն ձեզ համար նախատեսված իրեր, ապա ներքնաշորի փոքր արտադրությունը` flora._lingerie -ն, գաղտնի կպահի ձեր նախընտրությունները: Իսկ եթե մեծ մասշտաբի և արդեն իսկ շատ հայտնի բրենդ եք փնտրում, ապա Dolce Gabbana-ի հետ աշխատած “Vahan Khachatryan Atelier Haute Couture”-ը հաստատ կգոհացնի ձեզ:
Երևանում ֆեյշն շոփինգի մասին ինֆորմացիան, բնականաբար, չի սահմանափակվում այսքանով: Կան բազմաթիվ փոքր, բայց հետաքրքիր բուտիկներ, դեռևս սկսնակ, բայց անսահման տաղանդավոր դիզայներներ:
Հայկական նորաձևության տենդենցներին և նոր անուններին ծանոթանալու հրաշալի առիթ էր նաև վերջերս տեղի ունեցած «Երևանի նորաձևության շաբաթը», որին մասնակցեցին 60-ից ավելի հայ դիզայներներ և հագուստ արտադրողներ: Այդ մասին ավելի մանրամասն կարդացեք հենց իրենց կայքում, որտեղ կգտնեք նաև հայ դիզաներների ամբողջական ցանկը՝ իրենց ստեղծած աշխատանքների նմուշներով, ինչն էլ կօգնի պատկերացում կազմել նրանց ոճի մասին:
Ամեն դեպքում, Երևանում նորաձևության շոփինգի ժամանակ խորհուրդ ենք տալիս հատուկ ուշադրություն դարձնել աքսեսուարներին. հայերը փոքր ազգ են, ու ունեն դարերով հղկված հրաշալի կարողություն այդ նույն փոքր դետալներում խտացնել մի ամբողջ փիլիսոփայություն: