ԲԼՈԳ
ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ
Հայաստանում տրված է Ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:
Ամանորյա և սուրբծննդյան տոնակատարությունները Հայաստանում սովորաբար սկսվում են դեկտեմբեր ամսվա սկզբից և շարունակվում մինչև հունվարի 13-ը՝ «Հին Նոր Տարին»:
Երևանում և Հայաստանի խոշոր քաղաքներում անցկացվում են բազմազան տոնական միջոցառումներ: Երևանը քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է ժամանցային տարաբնույթ համերգներով, թատերական ներկայացումներով ու միջոցառումներով։ Վերջին տարիներին գեղեցիկ ավանդույթ են դարձել սուրբծննդյան տոնավաճառները, որտեղից հնարավոր է կատարել ամանորյա տոնական գնումներ, վայելել տաք խորտիկներ և ըմպելիք, կամ պարզապես զբոսնել։
Սուրբծննդյան տոնավաճառները տարբեր երկրներում սկզբնապես կազմակերպվել են ցուրտ եղանակներին զուգահեռ, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան գնել անհրաժեշտ իրեր կամ պարագաներ ձմռան համար։ Ժամանակի ընթացքում ձմեռային տոնավաճառները դարձել են պարտադիր սուրբծննդյան սովորույթ և տարածում գտել նաև այլ երկրներում։
Սուրբծննդյան տոնավաճառներն հիմնականում իրենցից ներկայացնում են առևտրական փայտե կրպակներ՝ տեղադրված փողոցներում, այգիներում, պուրակներում կամ քաղաքի կենտրոնական հրապարակներում։ Այստեղ սովորաբար վաճառվում է ավանդական սուրբծննդյան թխվածք, մեղրաբլիթ, նրբաբլիթ, տարատեսակ քաղցրավենիքներ, շոկոլադե արձանիկներ, սերուցքային մարդուկներ, շաքարե բամբակ, ավանդական սուրբծննդյան ապրանքներ՝ տոնածառի զարդարանքներ, տեղական և գեղարվեստական արհեստների արտադրանք, ինչպես նաև տաք խորտիկներ։ Տոնավաճառի այցելուներին հիմնականում գրավում է գլինտվեյնը, (տաք գինի), որն օգնում է դիմակայել ցրտին։
Առաջին անգամ սուրբծննդյան տոնավաճառը Երևանում բացվել է 2012 թվականի դեկտեմբերին մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում։ Տոնավաճառն ի սկզբանե անցկացվել է 16 փայտե տաղավարներում: Տարեցտարի տաղավարների թիվն ավելացել է: 2019 թվականից սկսած Երևանի քաղաքապետարանը Երևանի հիմնադրման 2750-ամյակի պուրակում նախաձեռնեց սուրբծննդյան յուրօրինակ տոնավաճառ, որտեղ այցելուները հնարավորություն ունեին կատարել տոնական գնումներ ինչպես նաև վայելել ձմեռային Երևանը։
Այս տարի Երևանում գործում են հետևյալ սուրբծննդյան տոնավաճառները՝
Սուրբծննդյան տոնավաճառ Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված պուրակում
Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում իր հյուրընկալ դռներն է բացել «Christmas market»-ը՝ սուրբծննդյան ամանորյա տոնավաճառը:
Շուրջ 42 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ Ծննդյանը նվիրված խորհրդանիշեր, տոնական զարդարանք և հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի՝ ամանորյա հրուշակեղեն, շոկոլադի տեսականի, տարբեր մրգերից պատրաստված չրեր, տաք գինի:
Վաճառվում են նաև գրքեր, բացիկներ, գրենական պիտույքներ, տիկնիկներ, խաղալքիներ:
Տոնավաճառը բաց կլինի դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ ժամը 11:00-ից 23:00-ն:
Սուրբծննդյան տոնավաճառ «Սիզընս Փարկ Սթեյշն»-ում
Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում Մաշտոցի 15/5 հասցեում գտնվող «Սիզընս» ռեստորանային համալիրի հարակից տարածքը վերածվել է ամանորյա հեքիաթային միջավայրի:
Այստեղ տիրում է ջերմ և տոնական միջավայր, բարձր տրամադրություն ու հաճելի եռուզեռ: «Սիզընս Փարկ Սթեյշն»-ը պարզապես ամանորյա տոնավաճառ չէ. այն թե՛ մեծերի ու թե՛ փոքրերի համար ընտանեկան ուրախ ու հետաքրքիր ժամանցի յուրահատուկ վայր է։ Միանգամայն նոր ոճով, նոր մոտեցումով ու ճաշակով ձևավորված միջավայրը հիշեցնում է լոնդոնյան հեքիաթային Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
«Սիզընս Փարկ Սթեյշն»-ի ընդհանուր գաղափարը երկաթուղային կայարան է հիշեցնում տարբեր կանգառներով՝ սիրո, երջանկության, ժպիտների, նվերների և այլն։ Յուրաքանչյուր կանգառում դրական հույզեր, էմոցիաների և ընկերների ու սիրելի մարդկանց հետ երջանիկ պահեր ապրելու միջավայր է ստեղծված։
Այգում գտնվող վագոն-տաղավարներից այցելուները կարող են ձեռք բերել նվերներ իրենց սիրելիների համար, համեղ քացրավենիք, սուրճ, թեյ և այլն:
Տոնավաճառը բաց կլինի մինչև հունվարի 13-ը։
Սուրբծննդյան տոնավաճառ «Ձմեռային Այգում»
Երևանի հյուսիս արևմուտքում գտնվող «Ձմեռային Այգում» այս տարի իր գունեղ բազմազանությամբ և հեքիաթային տրամադրությամբ տեղ է գտել սուրբծննդյան տոնավաճառը:
«Ձմեռային Այգում» շատ գեղեցիկ ու խորհրդանշական ավանդույթ կա ձևավորված, երբ սուրբծննդյան տոնավաճառի բացման ժապավենը կտրում է հայ ազգի պարծանք մարզիկներից մեկը:
Այս տարի բացումն ազդարարեց շախմատի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն՝ Մարիամ Մկրտչյանը:
Տոնավաճառը բաց կլինի դեկտեմբերի 10-ից հունվարի 15-ը։
Սուրբծննդյան տոնավաճառներ կկազմակերպվեն նաև մասնավոր փակ տարածքներում ինչպիսիք են՝
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ դեկտեմբերի 23-27-ը (Big Christmas Market with Coca Cola 2023);
Մեգամոլում՝ դեկտեմբերի 15-31-ը (Mega Christmas Market 2022);
Հյուրանոցներում, բիզնես կենտրոններում և թայմ-կաֆեներում: