ԲԼՈԳ

Card image cap

«Մանկական Եվրատեսիլ 2022» Երգի Մրցույթը Երևանում


Ամանորն այս տարի մոտենում է եվրատեսիլյան շնչով և հրաշքի մեծագույն սպասումով։ 


«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին մնացել են հաշված օրեր․ դեկտեմբերի 5-ին մասնակից բոլոր պետությունների ներկայացուցիչներն արդեն կլինեն Երևանում, և երեկոյան` ժամը 19:00-ին,  Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը, և մասնակիցներն իրենք կվառեն քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ 

Երևանն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը։ 

20-րդ հոբելյանական Մանկական Եվրատեսիլին կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: 


Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: 


Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիքն է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով: Հայաստանում նման խաղալիքի ոճավորված տարբերակները կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և տարազների վրա։ Ավանդական փայտե «հոլին» տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։ Այն հրաշալի արտացոլում է նաև «Մանկական Եվրատեսիլի» արժեքները՝ բոլորը միավորվում են հրաշքի, երաժշտության և ուրախության գաղափարի շուրջը և, միևնույն ժամանակ, առանձնանում են իրենց երգով ու ելույթով: 


Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ մասնակցել է 14 անգամ և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում, իսկ 2021 թվականին Փարիզում 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։ 

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


Մրցույթը կվարեն երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Կարինա Իգնատյանն և դերասան, երգերի հեղինակ՝ Գարիկ Պապոյանը:

Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը “Dance!” երգով: 

Երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։



29 November 2022