ԲԼՈԳ

Card image cap

ԱՄԱՌԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ


Երևանում յուրաքանչյուր եղանակ ունի իր յուրահատուկ գույնն ու համը, և ամառը բացառություն չէ: Երևանն ամառային տրամադրության քաղաք է՝ պայծառ արևը, հետաքրքիր սրճարանները, որոնք բաց են մինչև ուշ գիշեր, գեղեցիկ այգիները, երգող շատրվանները դրա վկայությունն են։ Երևանյան ամառը լի է ժամանցային և մշակութային միջոցառումներով:

Ամռան միջոցառումների սկիզբը տրվում է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկով: Հունիսմեկյան տոնական օրն այս տարի համեմված էր դասական երաժշտությամբ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Դիանա Աբգարի անվան պուրակում կայացած բացառիկ համերգային ծրագիրը նվիրված էր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Հունիսի 3-ին, 4-ին և 5-ին մայրաքաղաքում անցկացվեց «Գինու օրեր 2022» ամենամյա փառատոնը, որի նպատակն է համախմբել գինու սիրահարներին և գինեգործներին: Տեղացիներն ու զբոսաշրջիկները հնարավորություն են ստանում փորձելու հայկական տասնյակ ընկերությունների տեղական խաղողից և ոչ միայն խաղողից պատրաստված գինիներ։

Հունիսի 5-ին հեծանվի համաշխարհային օրվա և Հեծանվորդների ֆեդերացիայի հիմնադրման 10-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մայրաքաղաքում անցկացվել է տոնական հեծանվաշքերթ: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում՝ մասնավորապես մայրաքաղաքում այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացումը:

Հունիսի 11-ին Խաչքարերի պուրակում անցկացվեց «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնը, որի նպատակն է հանրությանը, այդ թվում՝ Երևան այցելած զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները:

Հունիսի 17-ից արվեստասեր հանրությունը և մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկները հնարավորություն ունեն հենց Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում Կառավարական N2 տան հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) մասնակցել բացառիկ ցուցահանդեսի նվիրված՝ Ժամանակակից արվեստի թանգարանի հոբելյանական միջոցառումներին և թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին:

Հունիսի 18-ին, ժամը 17:00-ին Մեգամոլ առևտրի կենտրոնի բացօթյա ավտոկայանատեղիում տեղի կունենա «Yerevan Color Festival 2022» մայրաքաղաքի ամենագունավոր և ամենավառ փառատոնը:

Յոգայի միջազգային օրը նշվում է 2015 թվականից սկսած՝ հունիսի 21-ին։ Հենց հունիսի 21-ն է ընտրվել, քանի որ այն ամառային արևադարձի` տարվա ամենաերկար օրն է:

Հունիսի 25-ին Հրազդան մարզադաշտում տեղի կունենա ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ի առաջին մենահամերգը Հայաստանում։

Սիրով սպասում ենք Ձեզ մայրաքաղաքում անցկացնելու հրաշալի ժամանակ:

01 June 2022