ԲԼՈԳ
Զբոսավարների Միջազգային Օր
Ինչպես գիտենք փետրվարի 21-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Զբոսավարների միջազգային օր: Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան այս տարի կազմակերպել էր միջոցառումների շարք՝ նվիրված Զբոսավարների միջազգային օրվան: Օրվան ընդառաջ ս/թ փետրվարի 20-ին Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Holiday Inn հյուրանոցում տեղի է ունեցել համաժողով՝ «Զբոսաշրջությունը քովիդյան և հետպատերազմյան Հայաստանում. վերլուծություններ, կանխատեսումներ» խորագրի ներքո:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՊԶՀԱ փոխնախագահ Զ.Օրբելյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Բանախոսները ներկայացրել են վերլուծություններ՝ «Քովիդի բացասական ազդեցությունը համաշխարհային զբոսաշրջության վրա» թեմայով՝ հիմնված ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տվյալների և հաշվետվությունների վրա:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ներկայացրել է «Visit Yerevan» զբոսաշրջային հարթակը և հավելվածը՝ ընդգծելով քովիդյան ժամանակաշրջանում թվային գործիքների դերը զբոսաշրջության ոլորտում: ՊԶՀԱ նախագահ Յաշա Սոլոմոնյանն իր խոսքում նշել է, որ ասոցիացիայի գլխավոր նպատակը զբոսավարների շարունակական կրթությունն ու զարգացումն է և համապատասխանեցումը ժամանակակից զբոսաշրջության պահանջներին, այդ նպատակով մշակման փուլում է զբոսավարների վերապատրաստման և սերտիֆիկացման ծրագիրը:
ՊԶՀԱ նախաձեռնությամբ օրվա խորհրդի շրջանակներում նաև անցկացվել է միջոցառումների շարք, որոնցից էր «Արի՜, գնանք Երևան» անվճար քաղաքային տուրերը երևանցիների համար, որն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության աջակցությամբ, ինչպես նաև կազմակերպվել զբոսավարների համար է թեմատիկ և ինտերակտիվ էքսկուրսիա Երևանի պատմության թանգարանում: