ԲԼՈԳ

Card image cap

Կարմիր բլուրում ուրարտական քարավանատուն է պեղվել. նոր բացահայտումներ հնավայրում


Ուղիղ 50 տարվա դադարից հետո Կարմիր բլուրում, միջնաբերդի հարակից տարածքում ամիսներ առաջ սկսվեցին պարբերական պեղումներ:


«Կարմիր բլուրում գարնանը անձրևից հետո նկատեցինք թաց հողի վրա ուրվագծված պատերի շարվածք: Հասկանալի դարձավ, որ գործ ունենք ուրարտական շրջանի կառույցի հետ»,- պատմում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն, «Կարմիր բլուր» մասնաճյուղի նախկին ղեկավար Վահե Սարգսյանը:

Սա Հայաստանում բացված դեռևս միակ նման մոնումենտալ կառույցն է: Տարածքի ճարտարապետական հատակագիծն ու անմիջապես ամրոցի դարպասներին մոտ գտնվելը մասնագետներին հուշում է՝ սա 2650 տարվա քարավանատուն է:

Հնագիտական շերտերը բացելիս պարզ երևում են վառված գերաններ, ինչը մեծ հրդեհի կամ հրդեհների վկայություն է, որից հետո կառույցն անընդհատ վերափոխվել ու վերակառուցվել է:

«Այստեղ մոնումենտալ պատերով կառույցների կան: Ըստ էության, եռամաս կառույց է, որի նմանը բացվել է Ուրարտական Բաստամ բնակավայրում՝ այսօրվա Մակու քաղաքում՝ Իրանի տարածքում: Արքայական ախոռ է, որը կարող էր ունենալ նաև քարավանատան գործառույթ: Այն բաղկացած է 3 մասից՝ պատը, սալահատակը, այնուհետև ավելի ցածր պատը, որտեղ ունենք կլոր սյան խարիսխները, որոնց վրա գերաններ են տանիքի համար գցվել: Միջնամասում ունենք տեղ, որտեղով մարդիկ էին քայլում, և նույնի հայելային արտացոլումը՝ մյուս կողմում: Այսինքն, տեսեք՝ ինչ հզոր պատ ունենք»,-ասում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը՝ նկատելով, որ աշխատանքները հնարավոր են եղել Հայաստանի գինեգործության կենտրոնի կազմակերպած հանգանակությամբ:

Պեղումների ընթացքում տարածքից գտնվել են նաև խեցեղենի բեկորներ, կենդանիների մնացորդներ:

«Այս հատվածից գտել ենք ձիու ոսկորներ և ցուլի ատամ: Վերին շերտերում կան մանր եղջերավոր անասունների ոսկորներ: Հողի հատուկ ուսումնասիրություն է արվելու Կոպենհագենում, որտեղ փորձելու են հողից կենդանիների ԴՆԹ առանձնացնել: Հետազոտութունների համար նյութեր են ուղարկվելու նաև Գերմանիայի կարևորագույն լաբորատորիաներից մեկը»,-ասում է Միքայել Բադալյանը:

Պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի: Կարևոր է, որ գտնված կառույցը ոչ թե կրկին հողով փակվի, այլ ստեղծվեն հատուկ ծածկեր, որոնք հնարավորություն կտան պահպանել այն ու ներկայացնել այցելուներին:

«Կարմիր բլուրը Երևանի կարևորագույն հնավայրերից է, բայց դրա հանրահռչակման մասին խոսելուց առաջ պետք է մտածենք այն պատշաճ տեսքի բերելու, ենթակառուցվածքները զարգացնելու և ներկայանալի դարձնելու մասին: Վերջին 2-3 տարում լայնածավալ աշխատանք է իրականացվել: Ցավոք, Կարմիր բլուրը վերածվել էր շինաղբ թափելու վայրի, և մեծ ջանքերով այնտեղից գրեթե ամբողջությամբ շինաղբը հեռացված է: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է Կարմիր բլուրում բավական մեծ ծավալով բարեկարգման աշխատանք կատարել՝ ճեմուղու որոշակի հատվածը, որովհետև այն շատ մեծ է և մաշված, նոր լուսավորություն, նստարաններ, աղբամաններ, անվտանգության տեսախցիկներ, ցուցանակներ, նաև ավտոբուսների համար կայանատեղի: Առաջին փուլում սա կանենք, հաջորդիվ արդեն կկարողանանք ավելի ընդլայնել աշխատանքները: Ի դեպ, սա «Ակտիվ քաղաքացու» շրջանակում ներկայացված նախագիծ էր»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը:

Բարեկարգումից հետո, երբ տարածքն ավելի ներկայանալի դառնա, ծրագրերը կուղղվեն հնավայրի զարգացմանն ու հանրահռչակմանը: Քաղաքապետարանը հետագայում մտադիր է նաև տարածքում թանգարանային շենք կառուցել:

Սկսված պեղումները Կարմիր բլուրի պատմության նոր էջ են բացում՝ ուրարտական ժամանակաշրջանին նախորդող ու հաջորդող պատմությունը բացահայտելու և մեր երկրի հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար:

08 December 2021